Ուրսուլա ֆոն դեր Լյաեն. Տեղերում լարվածության թուլացման ոչ մի նշան չենք տեսնում
Եվրամիությունը զգոնություն կպահպանի, քանի որ Մոսկվան ռուսական զորքերը հետ չի քաշում Ուկրաինայի հետ սահմանից, այլ ավելացնում է զինվորականների թվաքանակը, ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը։
«Մենք լսում ենք Ռուսաստանի հայտարարությունները զորքերը հեռացնելու մասին, բայց տեղերում լարվածության թուլացման ոչ մի նշան չենք տեսնում։ Ընդհակառակը, զինվորականների թվաքանակի ավելացումը շարունակվում է»,- Բրյուսելում ԵՄ արտահերթ գագաթաժողովի նախօրեին ասել է նա լրագրողներին, տեղեկացրել է Reuters-ը։
Եվրամիության առաջնորդները չեն քննարկի կոնկրետ նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, քանի որ այդ հարցը «տարաձայնություններ» է առաջացնում, ասել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը։
Պաշտոնյան, մասնակցել է գագաթաժողովի նախապատրաստմանը եւ ասել է, որ հիմնականում լսվելու են Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների հաշվետվությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իրենց բանակցություններից հետո։