Ո՞ւր է «RyanAir»-ը, ո՞ւմ գրպանը մտան հարկատուների փողերը, և ինչպե՞ս է հիմա ապահովվում հայկական բոմոնդի «Կոֆե, Հռոմ»-ը
«RyanAir»-ը մտադրություն չունի հեռանալ Ուկրաինայից ու այդ երկիր կթռչի այնքան ժամանակ, քանի դեռ չեն սկսվել մարտական գործողությունները:
Այս մասին փետրվարի 16-ին Լիսաբոնում տված իր մամլո ասուլիսի ժամանակ ասել է լոուքոսթ ավիաընկերության ղեկավար Մայքլ Օ՚ Լիրին: Վերջինս իմաստ չի տեսնում դեպի Ուկրաինա թռիչքները դադարեցնելու, քանի որ եվրոպական իշխանություններից չեն եղել թռիչքների վտանգավոր լինելու մասին հայտարարություններ:
«Կարևոր է խուճապի չմատնվելը: Մարդիկ պետք է տուն հասնեն: Ավիաընկերությունները պետք է ուղևորներին այդ ծառայությունը մատուցեն»,- ասել է Օ՚ Լիրին:
2019թ. հոկտեմբերի 16-ին շռնդալից գովազդային արշավով հայկական ավիաշուկա մտավ «Ռյան Էյր» բյուջետային ավիաընկերությունը: Կասկածելի պայմաններով գործարքի շնորհիվ պայմանական 20 դոլարով Եվրոպա մեկնելու լուրն այնպես էր կուրացրել հայաստանյան ազգաբնակչությանը, որ անգամ հասարակության մեջ քիչ թե շատ կշիռ ունեցող բազմաթիվ գործիչներ էին ոգևորված իրլանդական այդ հեքիաթով: Այդ օրերին բազմաթիվ էին երևանյան հայտնի «Կոֆե, կենտրոն» արտահայտության ռյանէյրյան խմբագրումները՝ «Կոֆե, Հռոմ…», «Կոֆե, Վիեննա…» և նման այլ օրինակներ. Եվրոպական մայրաքաղաքները այդ արտահայտության մեջ փոխվում էին՝ ըստ այն կիրառողի նախընտրության:
Որպեսզի «Ռյան Էյրն» աշխատեր, շահագրգիռ լիներ Հայաստան գալու, այդ գործարքի կնքահայրն ու կնքամայրը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյան-Քաղավիացիայի պետական կոմիտեի (ՔԱԿ) նախագահ Տաթևիկ Ռևազյան զույգը լոուքոսթ ընկերության համար հարթ ճանապարհ ապահովելու իրենց ջանքերում չխորշեցին անգամ արդեն տասնամյակներով կայացած ավիաընկերություններին շուկայից դուրս թողնելուց, որովհետև անհավասար մրցակցային պայմանները վերջիններիս հնարավորություն չէին տալիս աշխատել:
Մասնավորապես, փաստացի միայն «Ռյան Էյրի» համար հանեցին օդի տուրքը, նրանք նաև օդանավակայաններում կայանման վճար չեն տալիս:
«Սրանք լրիվ հակամրցակցային պայմաններ են: Ստացվում է, որ միայն «Ռյան Էյրի» համար է հանվում օդի տուրքը: Նրա համար, իհարկե, շատ մեծ զեղչեր են արվում: Բացի դրանից, պետբյուջեից նրան վճարվում է ռեալիթի: Գյումրիից թռչող յուրաքանչյուր ուղևորի համար, որքանով որ ես տեղյակ եմ, մոտ 80 եվրո, իսկ Երևանից՝ 20-70 եվրո՝ նայած ուղղությունների»,- 168.am-ի հետ զրույցում նշել էր ռումինական «Tarom Airline» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը:
Մենք բազմիցս ենք ահազանգել այն մասին, որ այս քայլերը դասական ավիաընկերությունները հայկական ավիաշուկայից դուրս բերելու վտանգ են պարունակում իրենց մեջ, և բավական է 168.am կայքի որոնողական համակարգում գրել «Ռյան Էյր», և ընթերցողը կծանոթանա այս առասպելի բոլոր դրվագներին:
Ինչևէ, մի քանի թռիչք սկանդալային պատմություններով ու խնդիրներով իրականացնելուց հետո տևական ժամանակ «Ռյան Էյրի» մասին ոչինչ չէր լսվում: Համառ խոսակցություններ էին պտտվում, որ լոուքոսթ ավիաընկերությունը լքել է հայկական շուկան:
Ի վերջո, 2020թ. դեկտեմբերի 7-ին, ընդամենը մի քանի ամիս թռչելուց հետո պաշտոնապես հայտարարվեց, որ «Ռյան Էյր» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները Հայաստան COVID-19 համաճարակի պատճառով:
««Ռայանէյր» ավիաընկերությունը դիմել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 2020-2021թթ. ձմեռային նավիգացիոն շրջանի համար՝ հոկտեմբերի վերջից մինչև մարտի վերջ ընկած ժամանակահատվածում, մի շարք եվրոպական ուղղություններով թռիչքներ իրականացնելու նպատակով։ Սակայն hամավարակի երկրորդ ալիքի պատճառով, ինչը հանգեցրեց վիճակի վատթարացման ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ Եվրամիության տարածքում, ավիաընկերությունը հայտնել է, որ առայժմ ձեռնպահ է մնում թռիչքներ իրականացնելուց ձմեռային նավիգացիոն շրջանում՝ միաժամանակ հայտնելով, որ պատրաստակամ է թռիչքներ իրականացնել 2021 թ. ամառային նավիգացիոն շրջանում՝ համավարակի հետ կապված իրավիճակի բարելավման դեպքում»,- ասված էր ՔԱԿ հաղորդագրության մեջ:
Անցել է 1.5 տարի ժամանակ, քովիդի ալիքները հաջորդել են իրար, աշխարհում բազմաթիվ ինքնաթիռներ կանոնավոր չվերթեր են իրականացնում, իսկ «Ռյան էյրի» գնալն եղավ, գալը՝ ոչ:
Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը նույնպես այսօր անդրադարձել է թեմային:
«ՀՀ-ից 5 միլիոն եվրո սուբսիդավորում ստացած ու Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում ՈՉ ՄԻ ԹՌԻՉՔ դեպի ՀՀ չկատարած, ինչպես նաև պատերազմից առաջ և հետո Քովիդի պատրվակով դեպի ՀՀ թռիչքները ԴԱԴԱՐԵՑՐԱԾ իռլանդական ավիաընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈւՄ ՉԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԻ թռիչքները դեպի ՈւԿՐԱԻՆԱ (այնտեղ չեն սուբսիդավորվում և Քովիդը հաղթահարված չէ), քանի դեռ Ուկրաինան չի հրթիռակոծվում:
Երևանի շրջակայքում, ինչպես նաև ՀՀ միջազգայնորեն ամրագրված տարածքում ոնց որ ոչ մի պատերազմական գործողություն չի իրականացվել, Քովիդով վարակման ցուցանիշներով չենք գերազանցում Ուկրաինային»,- գրել էր Հակոբ Ճաղարյանը:
Վերջինս նաև լեգիտիմ հարց էր ուղղել Տիգրան Ավինյանին ու նրա թիմակիցներին:
«RyanAir-ով 35 եվրոյով Միլանում կոֆե խմելու խաբեության հեղինակներից, ավելի կոնկրետ` Քովիդի պարետ, ռազմագերի բանակցող, RyanAir ու WizzAir հրավիրող, ավիացիայի կարկառուն մասնագետ, ինչպես նաև սեփական ավիացիոն համակարգի ստեղծման դեմ պայքարում ջանք չխնայած քաղաքացի Տ.Ավինյանից ու թիմակիցներից` էս իրողության, ինչպես նաև ՀՀ Ազգային Հետաքրքրությունների Հիմնադրամից (ANIF) վճարված գումարի մասին որևէ մեկը որևէ ասելիք չունի՞»,- եզրափակել էր Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականը:
Աղբյուրը՝ 168.am