Մենք 100-ից ավելի մասունքներ ուղարկել ենք Հոլանդիա, ստացել ենք արդյունքները. նախարար
44-օրյա պատերազմում զոհվածների մասունքների նույնականացման աշխատանքները ավարտվել են, հետազոտման մեջ գտնվող որեւէ փորձանմուշ այս պահին չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, կային դժվար հետազոտվող մասունքներ, որոնք քայքայված էին, դժվար էր դրանցից ԴՆԹ առանձնացնելը: Դրանք, նախարարի խոսքով, «առանձին առխիվացրած են»:
«Մենք 100-ից ավելի մասունքներ ուղարկել ենք Հոլանդիա, ստացել ենք արդյունքները, այս պահին կարելի է ասել, որ նույնականացման գործընթացը ամբողջովին ավարտված է», - ասաց նախարարը:
Սակայն, նրա խոսքով, կան մասունքներ, որոնք նույնականացված են, բայց դեռ հուղարկավորված չեն:
«Դեռ ունենք դեպքեր, երբ նույնականացումը ավարտվել է, անգամ մի քանի կրկնվող հետազոտությունների արդյունքների պարագայում էլ հարազատները դեռ իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու եւ հուղարկավորելու: Մենք հասկանում ենք, որ սա շատ ցավոտ, դժվար պրոցես է, եւ քննչական կոմիտեն, եւ այլ մատկան մարմինները զբաղբում են, որ այս ընթացքը հնարավորինս արագ կերպով մենք ավարտին բերենք», - ասաց Ավանեսյանը: