Բրիտանիայում 3500 տարվա վաղեմության ձեռքի պրոթեզ կցուցադրվի
Մեծ Բրիտանիայի թանգարանում այս շաբաթ կցուցադրվի աշխարհում ամենահինը համարվող ձեռքի պրոթեզը: Ըստ գիտնականների՝ պրոթեզն օգտագործվել է դանակի փոխարեն։ Արտեֆակտը հայտնաբերվել է 2017 թվականին Շվեյցարիայում, հայտնում է Daily Mail պորտալը։
Մ.թ.ա. 1500-1400 թվականներին պատրաստված ձեռքի բրոնզե պրոթեզը կցուցադրվի Բրիտանական թանգարանի «Սթոունհենջի աշխարհը» ցուցահանդեսում: Բրիտանական թանգարանի համադրող Նիլ Ուիլքինը կարծում է, որ գտածոն ակնհայտորեն օգտագործվել է դանակի կամ թեւին ամրացված նմանատիպ այլ գործիքի փոխարեն։ Այնուամենայնիվ, դա ապացուցել հնարավոր չէ: Արտեֆակտը հայտնաբերվել է գերեզմանոցում՝ զարդերի, բրոնզե դաշույնի եւ թիկնոցի համար նախատեսված ճարմանդների հետ միասին: Սակայն գերեզմանի մեջ մարդկային աճյունը չափազանց վատ է պահպանվել, եւ հնարավոր չէ պարզել՝ առեղծվածային առարկան ձեռքի փոխարեն է դրվել, թե ոչ: Դատելով նրանից, որ պրոթեզի վրա արհեստավարժորեն արված փորագրություն կա, պրոթեզը կարող էր տեղի ազնվականության ներկայացուցչի կամ հարուստ մարդու պատկանել: Կա նաեւ տեսություն, ըստ որի այն կարող էր տարօրինակ անոթ լինել՝ ոճավորված որպես միջագետքյան մշակույթի իր։ Այսպես թե այնպես, բրոնզի դարի շվեյցարական արտեֆակտը կցուցադրվի Սթոունհենջը կառուցած մարդկանց մշակույթի անկմանը նվիրված ցուցահանդեսում՝ նույն ժամանակաշրջանի մի շարք այլ գտածոների հետ միասին: