Թուրքիան շարունակում է Սաուդյան Արաբիայի հետ «դրական երկխոսությունը»
Թուրքիան շարունակում է Սաուդյան Արաբիայի հետ «դրական երկխոսությունը»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ նշելով, որ առաջիկա օրերին մտադիր է կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ երկու երկրների հարաբերությունները բարելավելու համար։
Անկարայի եւ Էր Ռիադի միջեւ հարաբերությունները սրվել էին 2018թ․ Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո։ Թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանին եւ այլ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու Թուրքիայի պահանջից հետո Էր Ռիադը թուրքական ապրանքների ոչ պաշտոնական բոյկոտ է հայտարարել։
2020թ․ Սաուդյան Արաբիան ութ անձի 7-ից 20 տարվա ազատազրկման է դատապարտել Խաշոգջիի սպանության համար։ Անկարան այդ ժամանակ հայտարարել է, որ դատավճիռը չի արդարացրել սպասելիքները, ապա մեղմել է հայտարարությունների տոնը՝ Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունները կարգավորելու փորձի շրջանակում։