Լավրովը հաստատել է, որ կմասնակցի Անթալիայում կայանալիք Դիվանագիտական 2-րդ համաժողովին. Չավուշօղլու
Թուրքիան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ՝ երկու երկրների տարաձայնությունները լուծելու համար, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է Anadolu-ն։
Թուրքիայի ԱԳՆ-ը հաղորդել է, որ Չավուշօղլուն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ռուս եւ ուկրաինացի գործընկերներ Սերգեյ Լարովի եւ Դմիտրի Կուլեբայի հետ, դրանց ընթացքում քննարկվել է Մոսկվայի եւ Կիեւի միջեւ լարվածության սրումը։
Ըստ հայտարարության՝ Չավուշօղլուն Լավրովի հետ զրույցում ընդգծել է ճգնաժամի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերի կարեւորությունը։ «Այդ համատեքստում Չավուշօղլուն հաստատել է, որ Թուրքիան պատրաստ է իր մոտ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի հանդիպում անցկացնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լավրովը նաեւ հաստատել է, որ կմասնակցի Անթալիայում մարտի 11-13-ը կայանալիք Դիվանագիտական 2-րդ համաժողովին եւ Աստանայի ձեւաչափով Սիրիայի հարցով նախարարական հանդիպմանը, որը նույնպես պետք է Անթալիայում անցկացվի։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը շուտափույթ ապաքինում է մաղթել իր թուրք գործընկերոջը, ում մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել։
Մեւլութ Չավուշօղլուն եւ Դմիտրի Կուլեբան քննարկել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ լարվածության հետ կապված վերջին իրադարձությունները։