Սարիկ Անդրեասյանի «Ресторан по понятиям» սերիալը կցուցադրեն հեռուստատեսությամբ
«ТНТ» հեռուստաալիքի եթեր կհեռարձակվի ձմռան գլխավոր կատակերգական հիթերից մեկը՝ «Ресторан по понятиям» սերիալը, որը մոտ մեկ ամիս է «PREMIER» առցանց կինոթատրոնի ամենահանրաճանաչ նախագծերի վարկանշային աղյուսակի առաջին տեղում է, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով հեռուստաալիքի մամուլի ծառայությունը։
Հեռուստապրեմիերան տեղի կունենա փետրվարի 21-ին՝ ժամը 22:00-ին։ Միայն առաջին հանգստյան օրերի ընթացքում կատակերգությունը դիտել են 800 հազար անգամ։
«Ресторан по понятиям» սերիալում գլխավոր դերերը կատարել են Վլադիմիր Վդովիչենկովը, Դմիտրի Դյուժեւը, Վլադիմիր Սիչեւը եւ Իվան Կոկորինը։ Ըստ տասը սերիայից բաղկացած նախագծի սյուժեի՝ երեք հանցագործ տղամարդիկ միասին դուրս են գալիս բանտից եւ ծրագրում են միասին կատարել իրենց վերջին խոշոր կողոպուտը, ինչի համար վարձում են բանկի կողքին գտնվող ռեստորան։ Սակայն բանտային ճաշացանկով եւ անձնակազմի բռի վարաբերմունքով ռեստորանը շատ հանրաճանաչ է դառնում այցելուների շրջանում, եւ հերոսները ստիպված են լինում մտածել՝ արդյոք հարկավո՞ր է խարդախության դիմել։