Զելենսկի. Մենք Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի դուրսբերում չենք տեսնում
Մենք Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի դուրսբերում չենք տեսնում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով ՌԴ-ի հայտարարություններն այն մասին, որ զորքերի մի մասը հեռացվում է սահմանից։ Այս մասին Զելենսկին լրագրողներին ասել է զորավարժարանում, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
«Անկեղծ ասած, մենք արձագանքում ենք այն իրականությանը, որն ունենք, եւ առայժմ որեւէ նահանջ չենք տեսնում։ Մենք հենց նոր լսեցինք այդ մասին»,- ասել է նա:
Զելենսկին ընդգծել է, որ «բոլոր նորմալ մարդիկ ապաէսկալացման» են սպասում։ Նա նաեւ հավելել է, որ «երբ զորքերը դուրս բերվեն, դա կտեսնեն բոլորը՝ ոչ միայն զինվորականները կամ հետախուզությունը»:
«Սպառնալիքի վերաբերյալ ես բազմիցս ասել եմ, որ մենք հանգիստ ենք վերաբերվում ցանկացած սպառնալիքի, քանի որ հիշում ենք, որ այս ամենը երեկ չի սկսվել։ Դա տեղի է ունենում արդեն երկար տարիներ»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։