Դուռը բացում ես, ընկնում են. 4 հոգով դիմացն են նստում. մարմարաշենցիները նոր երթուղային են պահանջում
Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի բնակիչները այսօր վաղ առավոտից փակել էին համայնքի գլխավոր ճանապարհը։ Բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում պնդում են՝ իրենց համայնքին պետք է երթուղի տրամադրվի, որով համայնքի ուսանողները կարողանան գնալ Երեւան։ Բնակիչները պատմում են, որ առավոտից սպասում են երթուղայինին, որը կամ չի գալիս, կամ գալիս է՝ ծանրաբեռնված վիճակում։
Բողոքի ակցիայի մասնակիցներին Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն ասել է, որ այս հարցը շուտով լուծում կստանա։
Համայնքի բնակիչ Մինաս Գեւորգյանն ասում է՝ իրենք համաձայնվել են ճանապարհը բացել, քանի որ Դավիթ Համբարձումյանը խոստացել է համայնքի բյուջեով հարցը լուծել։
«21-րդ դարում չկա տրանսպորտ չկա, դեկտեմբերից մինչեւ հիմա տրանսպորտ չունենք։ Տեղ չկա, որ երեխեքը նստեն, առավոտյան եկեք, կտեսնենք, բացում ես, ընկնում են, դեմը 4 հոգի են նստում»,- ասաց բնակիչն ու հավելեց՝ եթե իրենց խնդիրը չլուծվի բողոքի ակցիաները շարունակվելու են։
Բնակիչ Սամվել Գեւորգյանը պատմում է, որ իրենց համայնքում քաղաքային տրանսպորտ է աշխատել մոտ 8 տարի. «44 համարի երթուղին այստեղ աշխատել է մոտ 8 տարի։ Կար ժամ որոշված, այդ ժամին դուրս էր գալիս ու Ռոսիայից գալիս էին Մարմարաշեն»։
NEWS.am-ի հետ զրույցում Դավիթ Համբարձումյանն ասում է, որ բնակիչները պահանջն արդարացի է, քանի որ ժամանակին երթուղի է եղել, որը սպասարկել է բնակիչներին, եւ հիմա երթուղին չկա. «Երեւանից երթուղի է եղել, որքան տեղյակ եմ, այն այլեւս գոյություն չունի։ Խոսել ենք պատկան մարմինների հետ, որպեսզի այդ հարցը ժամանակավորապես լուծվի, այլ երթուղի փոխարինի, մինչեւ մեր մարզի երթուղին կգործի»։