Բոլդուինի կրակոցից մահացած օպերատորի ամուսինը դերասանի դեմ դատական հայց է ներկայացրել
«Ժանգը» ֆիլմի նկարահանումների ընթացքում Ալեք Բոլդուինի կրակոցից մահացած օպերատոր Հալինա Հատչինսի ամուսինն ու որդին դատական հայց են ներկայացրել ընդդեմ դերասանի եւ նկարահանող խմբի, հայտնում է Reuters-ը։
«Պատասխանող Բոլդուինն ու այս գործով մյուս պատասխանողները չեն կատարել անվտանգության ստանդարտ ստուգումները եւ «Ժանգը» ֆիլմի ստեղծման համար չեն պահպանել իսկական զենքի օգտագործման անվտանգության կանոնները, ինչը ճակատագրական հետեւանքներ է ունեցել»,- ասված է հայցում, որն ուղարկվել է Նյու Մեքսիկո նահանգի դատարան։
Հայցում նշվում է, որ պատասխանողները կարող էին կանխարգելել օպերատորի մահը, եթե չարհամարհեին անվտանգության կանոնների խախտման վերաբերյալ բողոքները։