Արքայազն Էնդրյուն 16 միլիոն դոլար կվճարի բռնաբարության գործի շրջանակներում
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II որդին՝ արքայազն Էնդրյուն, նախնական համաձայնության շրջանակներում ավելի քան 12 մլն ֆունտ (16.2 մլն դոլար) կվճարի ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեին, ով նրան մեղադրում էր բռնաբարության մեջ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով աղբյուրները:
Երեքշաբթի ԱՄՆ Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանի փաստաթղթերի բազայում հրապարակվել էր 61-ամյա արքայազն Էնդրյու Դեյվիդ Բոյսի փաստաբանի նամակը, որից հետեւում է, որ կողմերը կարողացել են կարգավորել պահանջները դատարանից դուրս: Նամակում նշվում էր, որ Յորքի դուքսը նվիրատվություն կանի Ջուֆրեի հիմնադրամում, սակայն ստույգ գումարը չի նշվում։
Պարբերականի տվյալներով` 95-ամյա թագուհին, ով առանց այդ էլ մասնավոր կարգով օգնել էր իր երկրորդ որդուն մի քանի միլիոն ֆունտ ստեռլինգով` իրավաբանական ծախսերը հոգալու համար, մասամբ կստանձնի 12 միլիոն ֆունտ ստերլինգի վճարումը, գրում է պարբերականը: Փաստաբանների ծառայությունները վճարվել են Լանկաստերի դքսության անշարժ գույքի տնօրինումից ստացված միջոցներից, որոնք գտնվում են միապետի տիրապետության տակ. դրանց ընդհանուր գումարը տարեկան մոտ 23 միլիոն ֆունտ (ավելի քան 30 միլիոն դոլար) է կազմում: Բուքինգհեմյան պալատում հույս են հայտնել, որ Ջուֆրեին վճարումները վերջ կտան սկանդալին, որը սպառնում էր ստվերել այս տարի նախատեսված Եղիսաբեթ II գահակալման 70-ամյակի տոնակատարությունը:
Ընդ որում, պարբերականն ընդգծել է, որ արքայազն Էնդրյուի համար դժվար կլինի ինքնուրույն վճարել ծախսերը, քանի որ նա ապրում է «համեստ թոշակով», որը ստանում է որպես Թագավորական նավատորմի փոխծովակալ, ինչպես նաեւ թագուհու կողմից վճարվող տարեկան 250 հազար ֆունտ ստեռլինգ (340 հազար դոլար) թոշակի հաշվին: Ջուֆրեի կողմից ներկայացված դատական հայցը ստիպեց արքայազն Էնդրյուին վաճառքի հանել իր միակ ակտիվը՝ շվեյցարական Վերբիե լեռնադահուկային հանգստավայրում գտնվող շալեն, որը նա գնել էր 2014 թվականին հիփոթեքով եւ մոր օգնությամբ։
Արքայազն Էնդրյուի եւ Ջուֆրեի փաստաբանները 10 օր շարունակ բանակցում էին մինչդատավարական համաձայնության շուրջ, գործարքը ձեռք է բերվել նախորդ հանգստյան օրերին: Նշվում է, որ փոխհատուցման վճարները պետք է փոխանցվեն ամերիկուհու հաշվին առաջիկա 30 օրվա ընթացքում։