Սթելս-օմիկրոնի սպիտակուցներից մեկում նոր մուտացիա է հայտնաբերվել
Դանիացի գիտնականները սթելս-օմիկրոնի սպիտակուցներից մեկում նոր մուտացիա են հայտնաբերել։
Ինչպես տեղեկացնում է «Իզվեստիա»-ն, BA.2 շտամի նոր տարբերակին, որն անվանում են նաեւ «սթելս-օմիկրոն», բաժին է ընկնում Դանիայում վարակումների բոլոր դեպքերի մոտ 24 տոկոսը։ Այժմ գիտնականները փոփոխություններ են հայտնաբերել ORF3a սպիտակուցում, որն առաջ է բերում բորբոքային ռեակցիաներ բջիջներում, ինչպես նաեւ պատասխանատու է մարդու բջիջներում վիրուսի տեղաշարժի համար։
Այս սպիտակուցի արդյունավետությունը բարձրացնող մուտացիաները կարող են արագացնել կորոնավիրուսի տարածումը։ Բայց, գիտնականների տվյալներով, այդ մուտացիան ոչ մի կերպ չի ազդում հիվանդության բուն ընթացքի վրա։
Նշենք, որ վերջերս Լեհաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն-շտամի երկու նոր տարատեսակ։ Ինչպես տեղեկացրել է երկրի առողջապահության փոխնախարար Վալդեմար Կրասկան, առայժմ հայտնի չէ, թե ինչպես իրենց կդրսեւորեն այդ տեսակները, եւ ինչ ընթացք կունենա հիվանդությունը դրանց պատճառով։