Ինչ միջադեպի պատճառով է Ժիրայր Առաքելյանին պատկանող կվադրացիկլը հայտնվել ոստիկանությունում և ինչու չի վերադարձվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հրազդանի ոստիկանապետի հրահանգով օրերս Ծաղկաձորից բերման է ենթարկվել քաղաքի երիտասարդներից մեկին պատկանող կվադրացիկլը (վեզդեխոդ)։ 44-օրյա պատերազմի մասնակից Ժիրայր Առաքելյանն ուղիղ մեկ ամիս առաջ է զորացրվել։
«Բանակից զորացրվել եմ հունվարի 15-ին։ Այն, ինչի միջով անցել եմ, ո՛չ պատմել, ո՛չ էլ անդրադառնալ եմ ուզում։ Իմ կենդանի վերադարձը հարազատներիս շատ էր ոգեւորել․ ինձ անակնկալ էին մատուցել։ Հաշվի առնելով, որ սպորտից հեռու չեմ, վեզդեխոդ էին գնել, ասում էին՝ կվարես, զբաղմունք է, էլի, հոգեպես կցրվես․․․․ Բայց ընդամենը 10 օր անց՝ հունվարի 26-ին, անհասկանալի ձևով ոստիկաններն այն տարան և մինչ օրս հրաժարվում են վերադարձնել»,- պատմեց Ժիրայր Առաքելյանը։
Երիտասարդի խոսքով՝ այդ օրը կվադրացիկլը կայանած է եղել Ծաղկաձորի հրապարակում, երբ կարճ միջադեպ է գրանցվել ոստիկանապետի մասնակցությամբ։ «16 տարեկան կրտսեր եղբայրս էր եղել վեզդեխոդի կողքը կանգնած՝ հսկելու նպատակով, անգամ վարելիս չի եղել։ Հանկարծակի հայտնվում է Հրազդանի ոստիկանապետը՝ քաղաքացիական հագուստով, ու կոպիտ տոնով ասում է՝ արա, հանի դա էդտեղից։ Ոստիկանապետին եղբայրս չի ճանաչում, քանի որ քաղաքացիական հագուստով է եղել, հակադարձում է, թե՝ արա-ն ո՞րն է, մեծ մարդ ես։
Իր հեռանալուց րոպեներ հետո ոստիկաններ են գալիս, երեխան, ոստիկանների ներկայությունից ճնշվելով, քշում է, գալիս տուն։ Տունը մոտ 100 մետր է հեռու հրապարակից։
Ոստիկաններն իրենք են եկել վեզդեխոդի հետևից։ Անչափահաս եղբորս բերման են ենթարկում, ոստիկանությունում բացատրագիր են գրում, թե իբր ինչի համար է այդ ամենը։ Հայրս ուշ է տեղեկանում, որ եղբայրս ոստիկանությունում է, գնում է ետևից։ Լավ, եթե բերման են ենթարկում, կամ մեքենան տուգանային է տարվում, պետք է լինի հիմնավոր պատճառ, այսինքն՝ որևէ խախտում պետք է արձանագրվի։ Խախտումն արձանագրում է ճանապարհային ոստիկանությունը, որից հետո ոստիկաններին իրավունք է տրվում վարվել համապատասխան ձևով։ Էս դեպքում վեզդեխոդը տարվել է առանց ճանապարհային ոստիկանների ներկայության՝ տեղում առանց որևէ խախտում արձանագրելու։
Օրեր են անցել, բայց ճանապարհային ոստիկանությունից ինձ որևէ գրություն դեռ չի եկել։ Էս պահին ես հասկանում եմ, որ ոստիկանապետը չհիմնավորված պրինցիպով չի վերադարձնում իմ գույքը ինձ»,- նշեց երիտասարդը՝ մեզ ցույց տալով մարտական ծառայության ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից տրված պատվոգիրն ու սպորտում ունեցած իր ձեռքբերումները վկայող հավաստագրերը։
Հրազդանի ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Ռուբեն Ներսիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ միջադեպի պատճառով է Ժիրայր Առաքելյանին պատկանող կվադրացիկլը հայտնվել ոստիկանությունում և ինչու չի վերադարձվում։ «Ավտոտեսչություն ենք ուղարկել, սպասում ենք պատասխանին»,- կարճ պատասխանեց ոստիկանապետը և հրաժարվեց այլ մանրամասներ ներկայացնել՝ առաջարկեց դիմել ճանապարհային ոստիկանություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: