2018 թվականին մահացած անգլիացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերաբան եւ աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգի աշխատասենյակում անհայտ գրություններով տախտակ են հայտնաբերել
2018 թվականին մահացած անգլիացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերաբան եւ աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգի աշխատասենյակում եղել են բազմաթիվ գրասենյակային առարկաներ, որոնք այժմ պահվում են Լոնդոնի Գիտության թանգարանում։ Ինչպես գրում է The Guardian-ը, հատուկ հետաքրքրություն է առաջացնում խորհրդավոր գրություններով պատված գրատախտակը։
Խոսքը չափազանց յուրահատուկ գրատախտակի մասին է․ Հոքինգն այն ծածկել է բազմաթիվ նկարներով ու նշաններով սուպերտարածության եւ սուպերտիեզերական ձգողականության հարցերով խորհրդաժողովի ժամանակ, որն անցկացվել է Քեմբրիջում 1980 թվականին: Ասում են, որ գիտնականը շատ թանկ էր գնահատում այդ առարկան, հայտնում է Planet - today-ը։
Այդ գրատախտակն ընդունված էր գնահատել որպես արվեստի գործ, սակայն այժմ փորձագետները ենթադրել են, որ դրա վրա գիտական իմաստ ունեցող անհայտ գրություններ կան։ Հնարավոր է, ասում են գիտնականները, որ այդ գրատախտակի վրա ինքնատիպ «Հոքինգի կոդն» է պատկերված, որը դեռ պետք է լուծի մարդկությունը։
Ցուցադրական տարածության սեփականատերերը դիմել են գիտնականներին՝ կոչ անելով օգնել լուծել «Հոքինգի կոդը»։
Սթիվեն Հոքինգի գրասենյակի համակարգող Խուան-Անդրես Լեոնը հայտարարել է, որ «կոդը» - ը կարող են լուծել 1980 թվականի սուպերտարածության եւ սուպերտիեզերական ձգողականության հարցերով խորհրդաժողովի այն մասնակիցները, որոնք դեռ ողջ են: Հնարավոր է, որ Հոքինգի տախտակը ծածկած տարօրինակ գրություններում չկան գիտական գաղտնիքներ, եւ մեր առջեւ ոչ այլ ինչ է, քան զվարճալի խզբզոցներ, բայց, այնուամենայնիվ, դա անհրաժեշտ է հաստատապես պարզել։