The Artfor’s - արվեստ հանուն ավելիի. նկարիչները փրկում են կյանքեր. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
Փետրվարի 19-ին կմեկնարկի բարեգործական աճուրդ, որի նպատակն է աջակցել հայրենիքի սահմանները կյանքի և առողջության գնով ամուր պահող զինվորներին և նրանց ընտանիքներին․ ավելի քան 4,000 զոհված հերոսների ընտանիքների և ավելի քան 700 հաշմանդամություն ստացած զինծառայողների։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից:
#ArtForArmenia բարեգործական աճուրդը տեղի կունենա երկրորդ անգամ The Artfor’s առցանց հարթակի միջոցով և կտևի մեկ շաբաթ։ #ArtForArmenia առաջին աճուրդը կայացել է 2020 թվականի նոյեմբերին․ արդյունքում ավելի քան 3 միլիոն ռուբլի է ուղղվել պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին։
Աճուրդում ներկայացված կլինեն ամբողջ աշխարհից նկարիչների նվիրաբերած գեղանկարչության, գծանկարի, ինչպես նաև դասականի ու աբստրակցիոնիզմի ավելի քան 50 կտավներ։ Ներկայացված նկարիչներից են՝ Յուրի Գրիգորյանը, Հարություն Ջինանյանը (JINO), Եկատերինա Ռոժկովան, Գալինա Բիստրիցկայան, Լենա Աշտրաֆը և ուրիշներ։
Աճուրդի ֆենոմենը կդառնա Արթուր Վարդանյանի բացառիկ արտ-օբյեկտը՝ հատուկ թոնրում թխած ավանդական հայկական լավաշը, որի վրա Քրիստոսի դեմքն է երևում։ «Ես եմ կեանքի հացը» սահմանափակ հավաքածուի մի նմուշն է, իսկ հավաքածուն ներառում է ընդամենը 33 լավաշ, որոնք թխվել են Հայ առաքելական եկեղեցու օրհնությամբ։ Այդ 33-ից մեկ այլ լավաշ ներառվել է Երևանի Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հավաքածուի մեջ։ «Ես եմ կեանքի հացը» առաջին անգամ է ներկայացվում աճուրդի։
Աճուրդը կանցնի հնարավորինս թափանցիկ. գնորդները գումարը փոխանցելու են անմիջապես «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին (ԶԱՀ)։ ԶԱՀ-ը ֆինանսական հատուցումներ է տրամադրում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներին և առաջին ու երկրորդ կարգի զինհաշմանդամություն ունեցողներին։ Հատուցումների ֆոնդը գեներացվում է պարտադիր վճարներից, որոնք փոխանցում են ՀՀ և Արցախի հարկատուները և ավելի քան 70 երկրներից ստացվող նվիրաբերություններից։ Այս պահի դրությամբ հիմնադրամը տրամադրել է ավելի քան 116 միլիոն դոլարի հատուցումներ 4697 ընտանիքներին, որոնցից 4280-ը՝ 2020 թվականի պատերազմից արդյունքում են դարձել ԶԱՀ շահառու։
Աճուրդի ամբողջական կատալոգը հասանելի է հարթակում։ Աճուրդին հնարավոր կլինի մասնակցել 2022 թվականի փետրվարի 19-ից 26-ը։ Մասնակցելով դուք ոչ միայն կհարստացնեք ձեր հավաքածուն յուրահատուկ կտավներով, այլև կաջակցեք հերոսների ընտանիքներին։