Ալիևի վարչակազմին մոտ կանգնած ԶԼՄ-ն պահանջում է Բաքվից վտարել ՄԱԿ ԶԾ ներկայացուցչին հայերի հետ շփման պատճառով
Ալիեւի վարչակազմին մոտ կանգնած լրատվամիջոցը պահանջում է Բաքվից վտարել Ադրբեջանում ՄԱԿ ԶԾ նորանշանակ ռեզիդենտ-ներկայացուցչին՝ Եկատերինա Պանիկլովային, հայերի հետ շփումների պատճառով։
Մեծածավալ հոդվածում, որը բնավ առաջինը չէ վերջին ժամանակներս ՄԱԿ-ի դեմ տարատեսակ հարձակումների առումով, նկարագրվում են կազմակերպության հայ աշխատակիցների «զանցանքները»։ Պարբերականն այս անգամ ավելի հեռուն է գնացել՝ գրելով. «Վերջին տարիներին գործակալության արդյունավետությունն Ադրբեջանում նկատելիորեն նվազել է։ Մասնավորապես, մեր երկրի ղեկավարությունն արդեն կարծիք է հայտնել ՄԱԿ-ից որեւէ գործուն օգնության բացակայության մասին հայկական օկուպացիայից ազատագրված տարածքների վերակառուցման եւ վերականգնման հարցերում։ Այս բողոքները, առաջին հերթին, վերաբերում են ՄԱԿ ԶԾ-ին, որն էլ հենց մասնագիտանում է հետհակամարտային զարգացման գործում օգնության ցուցաբերման հարցերում։ Որեւէ կերպ չնսեմացնելով այդ կառույցի աշխատակիցների մեծ մասի՝ ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ այլ պետությունների ներկայացուցիչների պրոֆեսիոնալ պատասխանատվությունը՝ ստիպված ենք փաստել, որ ՄԱԿ Զարգացման ծրագրի գործակալության աշխատանքը սկսել է դոփել տեղում։ Եվ այդ ժամանակ մենք հետաքրքրվեցինք, թե ում է, ըստ էության, վստահված Ադրբեջանում այդ կառույցի ղեկավարումը։ Եվ այստեղ մեզ ցնցում էր սպասվում։ Ծանոթացե՛ք. Եկատերինա Պանիկլովա, Ադրբեջանում ՄԱԿ ԶԾ նորանշանակ ռեզիդենտ-ներկայացուցիչ (իհարկե, բարեբախտաբար Բաքու նա դեռ չի հասել)։ Տիկին Պանիկլովան ընկերների շատ հետաքրքիր շրջանակ ունի սոցցանցերում։ Արմեն Գրիգորյան (այն նույն «պատժվածը»), Ռիչարդ Կիրակոսյան, Նաիրա Գրիգորյան, Բաբկեն Տեր-Գրիգորյան, Վարյա Մերուժանյան, Լուսինե Երեմյան, Վահան Հունայան, Նինա Թումանյան, Նաիրա Սարգսյան, Աստրիդ Կոիզյան, Նատալյա Հարությունյան, Աիդա Ղազարյան... Գումարած հայկական բազմաթիվ կառույցների աքաունթները, որոնց հասցեին Ադրբեջանում ՄԱԿ ԶԾ ռեզիդենտ-ներկայացուցիչը քիչ գովաբանական ձոներ եւ շնորհավորանքներ չի ուղղել։ Տիկին Պանիկլովան ազատ մարդ է, ոչ ոք իրավունք չունի թելադրել նրան, թե ում հետ ընկերություն անի։ Էլ չենք ասում այն մասին, որ նա աշխարհի առաջատար միջազգային կազմակերպության բարձրաստիճան աշխատակից է, դրա համար էլ պարտավոր է աշխատել եւ շփվել բոլոր պետությունների ներկայացուցիչների հետ։ Միեւնույն ժամանակ, մենք տիկին Պանիկլովային մի քանի կարեւոր հարց ունենք։ Օրինակ, ի՞նչ շահեր են նրան կապում Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հետ։ Իսկ հայկական սփյուռքի նախկին «նախարարի՞» հետ։ Իսկ անվտանգության ծառայության նախկին աշխատակցի՞ հետ, որն այժմ աշխատում է երեւանյան ինչ-որ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնում»,- իր դժգոհությունն է ներկայացնում Ալիեւի վարչակազմին մոտ կանգնած պարբերականը։
Նյութը գրելու համար ընտրված բառապաշարը արժանի է հատուկ ուշադրության. «Մենք հայ օկուպանտներին նրա համար դուրս չշպրտեցինք մեր հողերից՝ մեր երեք հազար զավակների, եղբայրների եւ հայրերի, մեր շեհիդների կյանքի գնով, որպեսզի հանդուրժենք ՄԱԿ ԶԾ գործակալության հաստիքային աշխատակիցների վիրավորանքներն ու չարամիտ, ազգայնական հարձակումները... Եվ եթե Հայաստանը՝ աղքատ ու լճացած այդ երկիրն իր բացասական ժողովրդագրությամբ, որը գրեթե ամբողջությամբ կախված է սփյուռքի կոլեկտիվ ողորմություններից եւ արտաքին գործընկերների օգնությունից, թույլ է տվել իրեն պերսոնա նոն-գրատա հայտարարել ՄԱԿ աշխատակցին, ապա տասը միլիոնանոց Ադրբեջանը, որը հաստատ մինչեւ վերջ պաշտպանում է իր շահերը, անպայման կգործի խիստ վճռական եւ կոշտ, եթե դրա անհրաժեշտությունը ծագի»։
Հիշեցնենք, որ մոտավորապես այսպես էին սկսվել այն հարձակումները, որոնք ավարտվեցին Բաքվից ԵԱՀԿ գրասենյակի վտարմամբ, իսկ հետագայում կազմակերպության թույլ դիրքորոշման պատճառով, չկարողանալով դիմակայել Ադրբեջանի ճնշմանը, փակվեց ԵԱՀԿ գրասենյակը նաև Երևանում։
Իհարկե, կարելի էր անտեսել ՄԱԿ բարձրաստիճան ներկայացուցչի հասցեին այսքան անտաշ արտահայտություններ պարունակող հրապարակումը՝ միայն մեկ լրատվամիջոցի կարծիք համարելով։ Բայց, ինչպես արդեն վերն ասվեց, Ալիեւի վարչակազմին մոտ լինելն արդեն ուղիղ մատնանշում է այն մասին, որ Եկատերինա Պանիկլովային վարկաբեկելու գաղափարը բխում է հենց այնտեղից։ Հռչակված «խաղաղության դարաշրջանի» եւ Ալիեւի հայտարարած՝ խաղաղությանը պատրաստ լինելու (թեկուզեւ իր պայմաններով) արտահայտությունների համատեքստում նման հրապարակումն այդ աղբյուրում ուղիղ վկայությունն է այն բանի, որ ոչ Ադրբեջանի իշխանությունները, ոչ հասարակությունը պատրաստ չեն հայերի հետ խաղաղ գոյակցելուն։