Պակիստանում զայրացած ամբոխը քարկոծել է հոգեկան հիվանդ տղամարդուն
Պակիստանում զայրացած ամբոխը քարկոծել է սրբապղծության մեջ մեղադրվող հոգեկան հիվանդ տղամարդուն, հայտնում է The Guardian-ը։
Տասնյակ մարդիկ են ձերբակալվել՝ կապված շաբաթ երեկոյան Փենջաբ նահանգի հեռավոր գյուղերից մեկում Լինչի դատաստանի իրականացման հետ այն բանից հետո, երբ հաստատվել է, որ զոհը Ղուրանի մի քանի էջ է այրել:
Սպանությունը տեղի է ունեցել ավելի քան երկու ամիս անց այն բանից, երբ Շրի Լանկայում գործարանի մենեջերը ծեծի էր ենթարկվել եւ հրկիզվել ամբոխի կողմից՝ նաեւ սրբապղծության մեղադրանքների պատճառով:
Վարչապետ Իմրան Խանը Twitter-ում ասել է, որ իր կառավարությունը «բացարձակ անհանդուրժող է բոլորի նկատմամբ, ով օրենքն իր ձեռքն է վերցնում»՝ հավելելով, որ «ինքնադատաստանները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»:
Իրավապաշտպան կազմակերպություններն ասում են, որ սրբապղծության մեղադրանքները հաճախ կարող են օգտագործվել անձնական վենդետաների համար, որոնց թիրախը հիմնականում փոքրամասնություններն են:
2017 թվականի ապրիլին համալսարանի ուսանող Մաշալ Խանը սպանվել է զայրացած ամբոխի կողմից այն բանից հետո, երբ նրան մեղադրել են համացանցում սրբապիղծ բովանդակություն հրապարակելու մեջ: Իսկ 2014 թվականին քրիստոնյա զույգին Լինչի դատաստանի են ենթարկել, այնուհետեւ այրել են վառարանում՝ Ղուրանը պղծելու համար կեղծ մեղադրանքներ ներկայացնելուց հետո: