Իրանը պատրաստակամություն է հայտնել միջնորդ դառնալ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ լարվածությունը կարգավորելու համար
Իրանը պատրաստակամություն է հայտնել միջնորդ դառնալ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ լարվածությունը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սայիդ Հաթիբզադեն՝ նշելով, որ Իրանն ուշադիր հետեւում է Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը, հաղորդում է Tasnim-ը։
Մտահոգություն հայտնելով Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ լարվածության կապակցությամբ՝ նա նշել է․ «Մենք լավ հարաբերություններ ունենք երկու կողմերի հետ, եւ մենք կոչ ենք անում հանդարտություն պահպանել։ Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել՝ լարվածությունը կարգավորելու համար»։
Նա նաեւ քննադատել է ԱՄՆ-ին լարվածություն հրահրելու համար՝ նշելով, որ Վաշինգտոնը դասեր չի քաղել տարբեր տարածաշրջաններում, օրինակ՝ Աֆղանստանում, իր ապակառուցողական քաղաքականությունից։
Հաթիբզադեն նաեւ նշել է, որ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում Ուկրաինայում գտնվող Իրանի քաղաքացիներին հորդորել է կապ պահպանել դեսպանատան հետ։