Գերմանիայի արտգործնախարարն անխուսափելի չի համարում զինված հակամարտությունն Ուկրաինայում
Ուկրաինայի շուրջ լարվածության պատճառով Եվրոպան հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։ Այս մասին ասել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։
Այնուամենայնիվ, առայժմ «չկա որեւէ նշան, թե զինված հակամարտությունն արդեն լուծված հարց է», ասել է նա գերմանական ARD հասարակական-իրավական ալիքի Tagesthemen ծրագրի եթերում։
Ըստ նրա՝ Ռուսաստանի հետ բանակցություններում խոսքն այն մասին է, թե ինչպես միասին ապահովենք անվտանգությունը։ Անհրաժեշտ է խոսել նաեւ այն մասին, թե ինչ քայլեր կարելի է անել զինաթափման ոլորտում, եւ երկու կողմի ավելի մեծ թափանցիկության մասին, ընդգծել է Բերբոքը։ «Ռազմական հակամարտությունները Եվրոպայի սրտում ամենաահավոր բանն են բոլորիս համար»,- նշել է նախարարը։
Արեւմուտքը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը ցանկացած պահի, եւ բոլոր խողովակներով փորձ է արվում «պահել Ռուսաստանին բանակցությունների սեղանի շուրջ», բայց եթե, այնուամենայնիվ, հակամարտությունից խուսափել չհաջողվի, ապա Մոսկվային սպասվում են կոշտ տնտեսական պատժամիջոցներ, հավաստիացրել է արտգործնախարարը։
Աննալենա Բերբքոը նշել է, որ հարձակումն Ուկրաինայի դեմ «չափազանց լուրջ հետեւանքներ կունենար Ռուսաստանի համար»։
Փետրվարի 14-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կսկսի այցը Կիեւ, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որից հետո՝ փետրվարի 15-ին, Մոսկվայում կբանակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։