Նուբարաշենի կենսագազի հավաքման և այրման կայանն այսուհետ կշահագործի համայնքային ընկերությունը
Նուբարաշենի կենսագազի հավաքման և այրման կայանն այսուհետ կշահագործի համայնքային ընկերությունը:
Կայանը կառուցվել և շահագործման է հանձնվել 2009 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի և ճապոնական «Շիմիձու» ընկերության միջև կնքված համաձայնագրով: Պայմանագրի ավարտից հետո այս տարի արդեն կայանն անհատույց օգտագործման իրավունքով անցել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերությանը:
Աղբավայրի 8 հա տարածքում անցկացված խողովակներով թունավոր գազերը մղվում են կայան ու ամբողջությամբ այրվում՝ բացառելով այդ նյութերի արտանետումը մթնոլորտ:
«Երևանի քաղաքապետի որոշմամբ փետրվարից կայանի շահագործումն ու պահպանումն իրականացնելու է մեր ընկերությունը: Ծավալային տեսանկյունից հավաքում և այրում ենք 300-400 խմ/ժ արտադրողականությամբ մեթան գազ, որում մեթանի ծավալը 35-40% է: Այրումն արվում է 10000 C բարձր ջերմաստիճանային պայմաններում, որպեսզի թերայրում չունենանք, ինչն էլ կբացառի հնարավոր վնասակար նյութերի արտանետումը»,-ասում է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ տնօրեն Կարեն Սարգսյանը:
«Փորված է 28 հորատանց, անցկացված են խողովակներ, որոնք միացված են հիմնական խողովակաշարին: Հողի շերտի տակ աղբը բնական նեխման հետևանքով առաջացնում է մեթան գազ, որը կայանի օգնությամբ քաշում, կուտակում և այրում ենք: Կայանի մեջ տեղադրված է 3 հատ (յուրաքանչյուրը 520 խմ/ժ արտադրողականությամբ) սարքավորում: Կայանը մեզ հնարավորություն է տալիս որոշելու գազում առկա ածխաթթվի, ազոտի պարունակությունը, որից հետո գազը մղվում է այրման խցիկ»,- մանրամասնում է կայանի ինժեներ-օպերատոր Վարազդատ Պետրոսյանը:
Մասնագետներն ասում են կայանը կարող է ժամում մինչև 1500 խմ ավելի գազ մղել, ինչը հնարավորություն է տալիս նաև նոր խողովակաշարեր անցկացնել աղբավայրի մյուս հատվածներում:
Աշխարհի շատ երկրներում հավաքվող գազն օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու համար: Երևանը թեև առայժմ նման հնարավորություն չունի, սակայն մտադիր են նոր աղբավայրի կառուցուման ծրագրով լուծել նաև այդ խնդիրը:
«Կա կենցաղային կոշտ թափոնների կառավարման ծրագիր, որով ակնկալում ենք ունենալ եվրոպական չափորոշիչներին համապատասխան նոր աղբավայր: Այն տեղակայված է լինելու հին աղբավայրի մոտակայքում ՝ մոտ 29 հա տարածքում: Կունենա ստորգետնյա և վերգետնյա ջրերի դրենաժավորման համակարգ, ինչպես նաև գազայրման կայան: Այսինքն՝ առկա փորձը կիրառելու ենք այնտեղ և փորձելու ենք գազի այրումից ստանալ էլեկտրաէներգիա»,- նշում է Կարեն Սարգսյանը:
Անցյալ տարի գործող աղբավայրի շուրջ 70 տոկոսը ծածկվեց հողով: Աշխատանքները կշարունակվեն նաև այս տարի: Երևանը կշարունակի համագործակցել ճապոնացի գործընկերների փորձն ու նորությունները կիրառելու համար: Քաղաքային աղբավայրում իրականացվող բոլոր ծրագրերը քաղաքի ու քաղաքացիների առողջության համար են: