Արևմուտքը փորձում է հակամարտություն հրահրել Ուկրաինայի մասնակցությամբ. Ոչ ոք չի ծրագրում կռվել Ուկրաինայի դեմ
Արևմուտքը փորձում է հակամարտություն հրահրել Ուկրաինայի մասնակցությամբ, սակայն ոչ ոք չի ծրագրում կռվել Ուկրաինայի դեմ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի քաղաքական եւ պետական գործիչ Ալեքսանդր Մորոզի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Բելթա գործակալությունը։
«Ես արդեն տեսնում եմ, որ ձեր քաղաքական գործիչները սկսում են հեռու մնալ Արեւմուտքի ընդհանուր գծից։ Ես հստակ գիտեմ՝ այսօր եւ այստեղ ինչ է պետք Արեւմուտքին՝ հակամարտություն հրահրել։ Գիտեք, որ նրանք դա անում են այլոց միջոցով։ Ավելի լավ է դա անել ուրիշի ձեռքով, եւ թող մարդիկ զոհվեն՝ ուկրաինացիները, ռուսները, բելառուսները։ Դա հեռու է»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա ուշադրություն է հրավիրել Արեւմուտքում հաճախ հնչող թեմային, այն է՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր հարձակումը։ «Լսեք, եթե նրանք ծրագրեին ինչ-որ պատերազմ Ուկրաինայի դեմ, ապա ԶԼՄ-ները բոլորովին այլ կերպ կվարվեին։ Հենց այդ թեմայի շուրջ խոսակցությունները սկսում են հանդարտվել, Ամերիկայից դարձյալ ազդանշան է գալիս, եւ այդ հիստերիան սկսում է թեժանալ։ Այսինքն՝ պարզ է, թե ում է պետք այս պատերազմը»,- հավելել է Լուկաշենկոն։