«Շնորհակալ եմ, որ կրկին հրավիրեցիք». Ալեսանդրո Սաֆինան Երևանում ելույթ ունեցավ լեփ-լեցուն դահլիճում
Երեւանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, երեկ` փետրվարի 13-ին, տեղի ունեցավ իտալացի հայտնի երգիչ Ալեսանդրո Սաֆինայի «Սիրո երգեր» խորագրով մեծ մենահամերգը: Երգիչը երկրորդ անգամ է այցելում Հայաստան. Երեւանում նրա առաջին համերգը տեղի էր ունեցել 2011 թ-ին, եւ ինչպես ինքն է հիշում` այն անցել է ջերմ ու մտերմիկ մթնոլորտում:
«Շնորհակալ եմ, որ կրկին հրավիրել եք: Մեծ պատիվ է լինել այստեղ»,-համերգի սկզբում ասաց երգիչը:
Պետք է փաստել, որ Սաֆինայի` հայաստանյան երկրորդ մենահամերգը պակաս ստացված չէր. երգիչը ելույթ ունեցավ լեփ-լեցուն դահլիճում` հանդիստեսի բուռն ծափահարությունների ու ձայնակցությունների ներքո: Հայտնի իտալացուն նվագակցում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Նիկոլա Սիմոնիի գլխավորությամբ:
Ինչպես եւ սպասվում էր` հատկապես բուռն ընդունվեց «Luna» երգի կատարումը, որը 58-ամյա արտիստին մեծ ճանաչում է բերել բրազիլական «Կլոն» հեռուստասերիալից:
Սաֆինան` ինքն էլ չի թաքցնում` այդ երգը լիովին փոխել է իր կարիերայի ընթացքը:
««Luna»-ն շատ հաջող երգ էր, որը շատ բան փոխեց իմ կարիերայում, մինչ այդ ես երգում էի միայն օպերայում, իսկ տվյալ երգից հետո փոխեցի նաեւ համերգներիս ձեւաչափը»,-նշել է նա:
Համերգին երգիչը ներկայացրեց նաեւ համաշխարհային հիթեր, երգեր` իր երգացանկից, ինչպես նաեւ` հայ հանդիսատեսին ուրախացրեց Շառլ Ազնավուրի «She» եւ Առնո Բաբաջանյանի «Սիրո Նոկտյուրն» երգերի իտալերեն կատարումներով: Վերջինը զուգերգ էր օպերային երգչուհի Սիրանուշ Գասպարանի հետ:
CNN-ը Ալեսանդրո Սաֆինային ճանաչել է աշխարհի փոփ-օպերային թատրոնի երեք խոշորագույն տենորներից մեկը: Նա հանդես է եկել երաժշտական զուգերգերով եւ թողարկել է ձայնագրություններ Էլթոն Ջոնի, Ռոդ Ստյուարտի, Մարիոս Ֆրանգուլիսի, Սումի Յոյի, Սառա Բրայթմանի, Անդրեա Բոչելիի, Խոսե Կարերասի, Բարբարա Հենդրիքսի եւ այլոց հետ: Սաֆինան հաճախակի ելույթ է ունենում Թագավորական ընտանիքի միջոցառումներին եւ համերգներին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: