Հոգեկան առողջության կենտրոնների խնդիրները. ոլորտի բարեփոխումներն ընթացքի մեջ են
Հայաստանի ու երևի ամբողջ աշխարհի հոգեկան առողջության կենտրոններում բուժվող մարդիկ ցանկանում են շուտ տուն գնալ։ Միայն թե դա այնքան էլ նրանց կամքից կախված չէ։
Առաջին հերթին պետք է բավարար լինի առողջական վիճակը, որ հանրության համար վտանգ չներկայացնեն, բացի այդ պետք է ապրելու տեղ ունենան կամ խնամակալ, իսկ բուժհաստատություներում նրանց դիտավորյալ երկար պահելու պատճառներ դժվար թե լինեն. կենտրոնների մի մասը գերբեռնված է, մյուսներում շենքային պայմաններն են վատ։ Այս ու այլ պատճառներով մեզ մոտ որոշ չափորոշիչներ խախտվում են։ Իրավիճակը շտկելու համար վերջին տարիներին բյուջետային հատկացումներն ավելացել են. եթե օրինակ 2017թ.-ին 2.7, 2018թ.-ին էլ 2.3 մլրդ դրամ է տրվել բոլոր հաստատություններին միասին՝ անցյալ տարի հատկացումը 3.3 մլրդ դրամից ավելի է եղել։
Կենտրոններում այժմ հիմնանորոգում է ընթանում, հաստատությունների ղեկավարները հավաստիացնում են՝ վերջին տարիների փոփոխությունները դրական են ազդել բուժառուների առողջության վրա։