Եթե Ադրբեջանը սկսի ոչնչացնել արձանագրությունները, մենք իրավունք ունենք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին. հուշարձանագետ
Ադրբեջանը ցանկանում է ոչնչացնել օկուպացված տարածքներում հայկական հուշարձանների հայերեն արձանագրությունները, ինչպես միշտ արել են այն տարածքներում, որոնք իրենց վերահսկողության տակ են անցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը` անդրադառնալով Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովի այն հայտարարությանը, որ հայկական հուշարձանների ալբանացման համար աշխատանքային խումբ է ստեղծվել:
«Իրականության մեջ Անար Քարիմովը ստախոս է և կեղծավոր է: Դա փաստվեց հենց հենց նոյեմբերին, երբ պատերազմական գործողությունները դադարեցին և նա իր թվիթերյան էջում մի կեղծ հայտարարություն էր տարածել և նկարներով այդ հայտարարությունը իբր պնդացրել, որ հայերը ամեն տեղ խաչքար են դնում և դրանով իսկ հայացնում են ամեն ինչ, նույնիսկ Շահբուլախի բերդը, որը գտնվում է Ակնայի տարածքում։ Մենք փաստեցինք, որ կցված նկարները 2000կմ հեռավորության վրա գտվող Ախլցխայի բերդերից մեկինն են։ Նա, խեղաթյուրելով ամեն ինչ, այդ նկարները տարածել էր դեսպանատներում և մինչև հիմա այդ հայտարարությունը չի հեռացրել իր թվիթերյան էջից։ Հետևաբար նրա հայտարարություները ավելի քաղաքական են և ուղղված են հետագայում ինչ-որ մի բան հայկական հուշարձանների հետ անելուն։ Այսինքն՝ այդ հայտարարությունը նշանակում էր, որ երբ մենք ամենուրեք վերացնում ենք հայկական խաչքարերը, դա անում ենք, որովհետև դրանք հատուկ են դրվել ինչ-որ վայրում, որ հայացնեն այդ հուշարձանը։ Նույն հայտարարությունը, որ վերջերս արեց, որ խումբ է ստեղծվել, որը պետք է ստուգի՝ արդյոք այդ հուշարձանները ավղանական են կամ` ոչ, իսկ արձանագրությունները կեղծ են կամ` ոչ, դա արդեն ինքնին մարտահրավեր է, որ նրանք ուզում են այդ արձանագրությունները քերել և ոչնչացնել, ինչպես միշտ արել են այն տարածքներում, որոնք իրենց վերահսկողության տակ են անցել։ Այսինքն պարզ երևում է, թե որն է լինելու Ադրբեջանի հաջորդ քայլը։ Հայտարարությունները բավարար չեն։ Ադրբեջանի նախագահը Հադրութ էր այցելել, Ծաղկավանքի մոտ ցույց էր տալիս արձանագրությունները և ասում էր՝ կեղծ են, դրանք 17-րդ դարի արձանագրություններ են, որոնք դեռ իր պետության ստեղծումից առաջ՝ 19-րդ դարում մի քանի աշխատություններում հրապարակվել են։ Եթե այս երկու հայտարարությունները արվել էին մինչև Հաագայի դատարանի հայտնի որոշումը, վերջին հայտարարությունը, որ Աննա Քարիմովը արեց, եղել է դատավճռից հետո, ինչն արդեն մարտահրավեր է դատարանին, քանի որ այն պարտադրել էր Ադրբեջանին հետայսու վանդալական ցանկացած գործողություն հայկական հուշարձանների նկատմամբ պատժվել և հայտարարություններ չանել հայկական հոշարձանների խեղաթյուրման վերաբերյալ»,-ասաց նա։
Հուշարձանագետի խոսքով` եթե Ադրբեջանի աշխատանքային խումբը գործի եւ մենք էլ փաստեր ունենանք, հայկական կողմը ավելի գործուն քայլերի կարող է դիմել:
«Հաագայի դատարանի որոշման դեմ գործողությունների մասին հայտարարությունները անցնեն փաստերի, տեսնենք, որ արդեն Ադրբեջանը սկսել է քերել այդ արձանագրությունները, մենք իրավունք ունենք այդ փաստերը ներկայացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ոչ թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կառույցներին, որոնք իրավասություն չունեն պարտադրելու։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը պարտավոր է Հաագայի դատարանի չիրականացված որոշումների վերաբերյալ որոշումներ կայացնել։ Կարծում եմ՝ այս փուլում հայտարարությունները արված հայտարարությանը համարժեք են։ Այսինքն՝ եթե նախորդ փուլերում այսպիսի հայտարարություն չէր եղել, վերջին փուլում իշխանությունների հայտարարությունը համարժեք էր։ Բայց սրանով պետք չէ բավարարվել, և եթե գտնենք նաև փաստեր, որ իրականացվել են նման գործողություններ, պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,-ասաց նա։
Րաֆֆի Քորթոշյանը նշեց, որ իրենք ունեն Արցախի բոլոր հայկական հուշարձանների եւ եկղեցիների ցանկը գույքագրված, նաեւ բոլորի լուսանկարները:
«Մեր կազմակերպությունը միայն Արցախից ունի ավելի քան 60-70 հազար լուսանկար հուշարձանների մոտ 99 տոկոսի համար, որոնք լավ համակարգված են և ցանկացած կատարված վանդալիզմի դեպքի դեմ շատ արագ կարող ենք պատասխան տալ ոչ միայն լուսանկարներով, այլև հատակագծերով, չափագրություններով, տեղադրություններ բնակավայրերի նկատմամբ։ Հուշարձանների թիվը շատ մեծ է, գույքագրված հուշարձանները 1500-ից ավելի են, որոնք ունեն իրենց անձնագիրը։ Մենք փաստագրել ենք շատ ավելին, կարող են լինել տասնյակ հազարավորներ, կարող են նաև լինել հուշարձաններ, որոնք արդեն անցել են հողի տակ»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի որոշմամբ ստեղծվել է հայկական հուշարձանների ալբանացման աշխատանքային խումբ։
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտով փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին: