Ինչու է մարդկանց հիշողությունը վատթարանում տարիքի ընթացքում
ԱՄՆ համալսարաններից գիտնականների խումբը փորձել է բացատրել, թե ինչ պատճառով են սկսվում հիշողության հետ կապված խնդիրներ տարիքի ընթացքում: Գիտնականների խոսքով՝ դա կապված է գլխուղեղի հիշողության «գերծանրաբեռնման» հետ, գրում է Planet Today-ը:
Բանն այն է, որ որքան մեծ է մարդը, այնքան ավելի շատ է կուտակում տարատեսակ տեղեկատվություն. հիշողություններից մինչեւ տարբեր փաստեր: Դա անդրադառնում է ուղեղի պահոցի վրա, որը, ինչպես հիշողության սովորական ծավալը, ունի լցվելու ունակություն: Այդ պատճառով մարդը տարիքի ընթացքում դժվարանում է հիշել, քանի որ մեծածավալ տվյալների շրջանում բավականին բարդ է գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը:
Գիտնականները բացատրել են, որ դրա հետ կապված է նաեւ փաստը, որ տարեց մարդիկ կարող են ունենալ կեղծ կամ գործին, ըստ էության, չվերաբերող հիշողություններ: Անհրաժեշտ տեղեկատվությունը փնտրելու պահին կարող են հիշողությունները խառնվել, ինչի պատճառով տեղի է ունենում դրանց փոխարինում կամ փոփոխություն:
Սակայն գիտնականները նկատել են, որ մեծ կենսափորձի պատճառով տարեց մարդիկ ցուցաբերում են բարձր կրեատիվություն: Անցկացված թեստերը ցույց են տվել, որ տարիքի ընթացքում մարդիկ ցուցադրում են ստեղծարարության բարձր աստիճան՝ ի տարբերություն երիտասարդների: Գիտնականների խոսքով՝ կրեատիվության մակարդակը կապված է հարուստ փորձի հետ: