Բրիտանացի սերժանտը կրակահերթի տակ վազել է իր գործընկեր շանը փրկելու և արժանացել արիության մեդալի
Բրիտանիայի հատուկ օդուժի շնաբանը, որի անունը չի հրապարակվում, կրակահերթի տակ վազել է, որպեսզի փրկի իր շուն գործընկերոջը։ Սերժանտին խիզախության համար պարգևատրելու են արիության մեդալով, հաղորդում է The Daily Mail պարբերականը։
Շունն օգտագործվում էր հատուկ օդուժի կողմից Քաբուլում «Թալիբանի» դիպուկահարներին թաքստոցում գտնելու համար, երբ նրա վրա կրակել և վիրավորել էին։ Սերժանտը վիրավոր բելգիական հովվաշանը կրակահերթի տակ գրկած տարել էր գրեթե 50 մետր։ Ուղղաթիռին հասնելուց հետո նա փրկել էր շանը՝ սեղմելով վերքերը և թույլ չտալով արյունաքամ լինել։
Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարի՝ մինչև կոալիցիայի ուժերի դուրսբերումն Աֆղանստանից, երբ հատուկ օդուժը Քաբուլի հյուսիսում թիրախավորել էր «Թալիբանի» 14 զինյալների։ Տեղեկություն էր ստացվել, որ զինյալները մահապատժի են ենթարկում տեղացիներին, ովքեր օգնել են կառավարական զորքերին:
Բրիտանիայի հատուկ օդուժի զինվորներին և աֆղանցի զինվորներին տեղափոխող ուղղաթիռները վայրէջք էին կատարել, և զինվորներն անմիջապես հարձակման էին ենթարկվել։ Շունն ուղարկվել էր դիպուկահարի տեղը բացահայտելու՝ հետևելով շնաբանի կողմից տրվող լազերային ազդանշաններին: Շունը հաջողությամբ դուրս էր բերել թալիբների դիպուկահարին իր թաքստոցից, և վերջինս սպանվել էր։
Հաղորդվում է, որ շունը հաջորդ թիրախն էր փնտրում, երբ վիրավորվել էր։ Ըստ աղբյուրի՝ շունը ծանր վնասվածքներ էր ստացել և արյունահոսում էր։
«Շնաբանը վազեց, վերցրեց շանը և տարավ ապահով տարածք։ Հենց որ թիրախը չեզոքացվեց, հատուկ օդուժը հետ քաշվեց, այնուհետև նրանց վերցրեցին ուղղաթիռները։ Շունը վատ վիճակում էր, արնահոսում էր հրազենից կամ պայթյունից ստացված վնասվածքներից։ Բայց նա ողջ մնաց և հետ ուղարկվեց Մեծ Բրիտանիա», – ասել է լրատվամիջոցի աղբյուրը: