Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կառավարության ղեկավար Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը։
Զրույցը կայացել է Շոլցի՝ Մոսկվա և Կիև մեկնելուց առաջ։
«Զրույցը կայացել է Ֆրանսիայի և Գերմանիայի միջև սերտ համակարգման շրջանակներում՝ հաջորդ շաբաթվա սկզբին Ուկրաինա և Ռուսաստան Շոլցի մեկնելուց առաջ»,- նշել են Ֆրանսիայի նախագահի վարչակազմում:
Մտքերի փոխանակումը հաստատել է Փարիզի և Բեռլինի «դիրքերի լիակատար համընկնումը»։
«Հատկապես դա վերաբերում է «նորմանդական ձևաչափով» (Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա) քննարկումների ապագա փուլերին, ինչպես նաև Եվրոպայում Հավաքական անվտանգության պարամետրերի ձևակերպման անհրաժեշտությանը»:
Մակրոնը փետրվարի 7-ին մեկնել է Մոսկվա, այնուհետև՝ Կիև և Բեռլին։ Վերջին շաբաթների ընթացքում Ֆրանսիայի նախագահը մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը: