Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվել է զինծառայողների օրհնության կարգ
Փետրվարի 12-ին սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է, նաև` սուրբ Սարգիս զորավարի հիշատակության և երիտասարդների օրհնության օրը, որը նշվում է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից։ Տոնի առթիվ Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է տոնական Սուրբ պատարագ և կատարվել զինծառայողների օրհնության կարգ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Այնուհետև Առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել զինծառայողների պարգևատրման արարողություն: Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնող 20 զինծառայողներ պարգևատրվել են Արարատյան հայրապետական թեմի հատուկ պարգևներով և խորհրդանշական նվերներով:
Պարգևները հանձնել է Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը: Նա շնորհավորել է բոլորին և կոչ արել շարունակել նույն նվիրումով իրականացնել մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու սրբազան առաքելությունը։