«Ռոբոտ-զինվորը՝ սահմանին». նախագծի համահեղինակը սպասում է արտադրության
Հայ ինժեներները պատրաստել են ռոբոտ-զինվոր, որը սահմանը կարող է հսկել զինվորի փոխարեն։ NEWS.am-ի հետ զրույցում «ԻՍԱՏԵՔ» ՍՊԸ հիմնադիր Վահան Իսաջանյանը պատմեց, որ ռոբոտը պատրաստ է 2017 թվականից, բայց դեռեւս սերիական արտադրության չի հանվել։
Սարքը ռոբոտոտեխնիկայի ռազմական ուղղությանն է պատկանում։ Ինչո՞ւ հենց ռազմական ուղղությունը ընտրեցին, որովհետեւ, ըստ ինժեներների, մեր երկիրը գտնվում է խրոնիկ պատերազմական վիճակում.
«Բացառված չէ, որ ցանկացած պահի կարող է իրավիճակը սրվել։ Մենք նպատակահարմար գտանք, որ մեր հնարավորությունների չափով այդ ուղղությունը զարգացնենք։ Վերջնական շարժառիթն այն է, որ մեր զինվորներին ինչքան հնարավոր է, հեռու պահենք անմիջական մարտական գործողություններից։ Այս սարքը նպատակ ունի ընդհանրապես մարտի դաշտից հանել զինվորին, այսինքն՝ զինվորների կորուստն ընդհանրապես բացառելն է»։
Ռոբոտ-զինվորը մարդու չափերին համեմատական է. «Ընտրված է այդ չափը, որպեսզի գործունեության ընթացքում հնարավորին չափ այն կարողանա փոխարինել զինվորին։ Այս սարքի պաշտպանվածության աստիճանը շատ ավելի բարձր է, եւ ի տարբերություն զինվորի, ամբողջությամբ զրահապատ է. մակերեսի 95 տոկոսը։ 50-60 փամփուշտից հետո նոր իր ինչ-որ կարեւոր օրգան վնասվում է»։
Ռոբոտի ներսում տեղադրվում է մեծ քանակի զինամթերք. «Տեղադրվում է, նռնականետը, որը ծանր տեխնիկայի դեմ պայքարելու համար է, գնդացիրը, կենդանի ուժ ոչնչացնելու համար է»։
Հեղինակները թրթուրավոր ռոբոտին «Սկորպիոն» են անվանում. «Եթե մի քանի անգամ էլ շուռ գա, օրինակ՝ գլորվի սարից ներքեւ, վերջում միշտ էլի հնարավորություն ունի իրեն կանգնեցնելու եւ շարժումը շարունակելու»։ «Սկորպիոնը» կառավարվում է հեռակառավարման վահանակով, ունի տեսախցիկ, վերջինն էլ պաշտպանված է զրահապատ ապակիով։
Ռոբոտ-զինվորը մասնակցել է նաեւ ցուցահանդեսների. Պաշտպանության նախկին եւ ներկա նախարարները ծանոթացել են ռոբոտի հետ։ Իսկ թե ե՞րբ կարտադրվի Սկորպիոնը», հեղինակի դեռեւս հայտնի չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։