Լավագույն ֆիլմի համար․ պրոդյուսեր Տանյա Սեղաթչյանն առաջադրվել է «Օսկարի»
Լավագույն ֆիլմի համար առաջին անգամ «Օսկարի» է առաջադրվել ծագումով հայ բրիտանացի պրոդյուսեր Տանյա Սեղաթչյանը։ Նա «Շան իշխանություն» ֆիլմի համապրոդյուսերն է։ Ֆիլմն ընդգրկված է մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Այս մասին տեղեկացնում է Կանադայի հայկական համայնքի Horizon Weekly պարբերականը։
«Եթե ֆիլմը հաղթի, նա կլինի առաջին հայուհին, որը կարժանանա «Օսկար»-ի գլխավոր մրցանակին»,- գրել է կայքը։
Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Ջեյն Քեմփիոնն է։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Բենեդիկտ Քամբերբեչը, Քիրստեն Դանսթը, Ջեսսի Պլեմոնսը եւ Քոդի Սմիթ-Մակֆին։ Այն Կանադայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիա համատեղ արտադրության ֆիլմի է։
Հիշեցնենք, որ «Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 27-ին: Միջոցառումը տեղի կունենա Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում։