Թունիսը կչեղարկի ՊՇՌ թեստավորումը պատվաստված զբոսաշրջիկների համար
Փետրվարի 15-ից Թունիսի իշխանությունները պարզեցնում են մուտքի կանոնները բոլոր օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Պատվաստված ճանապարհորդներն այլեւս չեն անցնի ՊՇՌ թեստավորում մեկնելուց առաջ, իսկ չպատվաստված ճանապարհորդները ժամանելուն պես կարանտինի կարիք չեն ունենա, հայտնում է Sky News Arabia-ն։
«Հիմք ընդունելով Թունիսի գիտական կոմիտեի առաջարկությունները՝ կապված երկրում համաճարակաբանական իրավիճակի հետ, որոշվել է փետրվարի 15-ից թույլ տալ 18 տարեկանից բարձր պատվաստված օտարերկրյա զբոսաշրջիկներին մուտք գործել երկիր առանց ՊՇՌ թեստավորման՝ QR կոդով կորոնավիրուսի պատվաստման վկայական ներկայացնելու պայմանով»,- գրում է թերթը։
Նշվում է, որ չպատվաստված զբոսաշրջիկները Թունիս ժամանելուն պես կարիք չեն ունենա պահպանել հնգօրյա կարանտին: Մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի ՊՇՌ թեստի բացասական արդյունք, որը տրվել է մեկնելուց ոչ շուտ, քան 48 ժամ առաջ, կամ էքսպրես թեստ՝ 24 ժամ առաջ:
«Ըստ առաջարկությունների՝ 6 տարեկանից բարձր անձինք էքսպրես թեստավորում կանցնեն Թունիսի օդանավակայաններում։ Եթե թեստը դրական է, ապա ճանապարհորդին կուղարկեն հնգօրյա կարանտինի ամրագրված հյուրանոցում»,- գրում է Sky News Arabia-ն։
Թունիսի իշխանությունները հայտարարել են նաեւ պարետային ժամի չեղարկման մասին, որը գործում էր երեկոյան ժամը 22-ից մինչեւ առավոտյան ժամը 5-ը։