Աշխարհահռչակ իտալացի երգիչ և դերասան Ալեսանդրո Սաֆինան Հայաստանում է. երգիչը փետրվարի 13-ին և 15-ին Երևանում հանդես կգա «Սիրո երգեր» խորագիրը կրող համերգային ծրագրով
Աշխարհահռչակ իտալացի երգիչ և դերասան Ալեսանդրո Սաֆինան Հայաստանում է. երգիչը փետրվարի 13-ին և 15-ին Երևանում հանդես կգա «Սիրո երգեր» խորագիրը կրող համերգային ծրագրով, որի շրջանակում կլինեն պրեմիերաներ ու կհնչեն Սաֆինայի բոլոր հայտնի հիթերը, այդ թվում՝ Luna-ն, որին հայ լսարանը ծանոթ է բրազիլական «Կլոն» հեռուստասերիալից:
«Ուրախ եմ այստեղ գտնվելուս համար, ինձ համար պատիվ է Հայաստանում ելույթ ունենալ»,-այսօր՝ փետրվարի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Սաֆինան:
«Համերգներին ներկայացնելու եմ իմ սովորական ծրագիրը. երգերի մեծամասնությունն իմն են, բացի այդ կփորձեմ կատարել միջազգային ճանաչում ունեցող հիթեր, կլինեն երգեր նաեւ Ազնավուրից, կներկայացնեմ այն, ինչ ինքս անձամբ սիրում եմ»:
Սա իտալացի երգչի երկրորդ այցն է Հայաստան. առաջինը եղել է 2011-ին: Սաֆինայի խոսքով՝ այդ այցից ունի ինչպես դրական ու անմոռանալի, այնպես էլ՝ փոքր-ինչ տհաճ ու զվարճալի հիշողություններ.
«Հիշում եմ՝ հայտնի երգչուհի պիտի գար՝ Սեզարիա Էվորան, որի համերգը չեղարկվեց, եւ հիշում եմ՝ մամուլի ասուլիսի ժամանակ միջադեպ եղավ լրագրողների միջեւ, թե ինչու եմ ես եկել, չէ՞ որ այլ արտիստ պիտի գար: Ի՞նչ կարող էի ասել. ինձ հրավիրել էին, ես էլ սիրով եկել էի»,-ծիծաղեց երգիչը, եւ անդրադառնալով այցի հաճելի կողմին՝ հավելեց.
«Համերգը հիանալի էր կազմակերպված, մենք հրաշալի ելույթ ունեցանք, հանդիսատսեսն էլ գոհ էր, ու ես շատ ջերմ արձագանքներ ստացա, նվերներ, «Արարատ» կոնյակ… Ինձ համար, իսկապես, պատիվ էր»:
Խոսելով իր համերգային շրջագայությունների մասին՝ Սաֆինան նշեց, որ ուրախությամբ է անցել աշխատանքի՝ հատկապես համաճարակով պայմանավորված սահմանափակումներից հետո.
«Կորոնավիրուսն, իսկապես, աղետ է. մենք՝ արտիստներս, երկու տարի կորցրինք դրա պատճառով: Ոչինչ տեղի չէր ունենում, շատ համերգներ հետաձգվում էին…»:
Սաֆինան չշրջանցեց նաեւ իրեն մեծ ճանաչում բերած Luna ստեղծագործությանը՝ չժխտելով, որ այն ժամանակին նոր դռներ բացեց իր առաջ.
«Luna-ն շատ հաջող երգ էր, որը շատ բան փոխեց իմ կարիերայում, մինչ այդ ես երգում էի միայն օպերայում, իսկ տվյալ երգից հետո փոխեցի նաեւ համերգներիս ձեւաչափը»:
Ալեսանդրո Սաֆինան նշեց, որ Հայաստանում պատրաստվում է անցկացնել 5 օր: Իր հիմնական զբաղմունքը լինելու են համերգային փորձերը, սակայն երգիչը չբացառեց, որ հնարավոր է՝ ժամանակ տրամադրի նաեւ թանգարաններ այցելելուն: Հայաստանից բացի երգիչը պատրաստվում է համերգներով հանդես գալ նաեւ Ռուսաստանում եւ Միացյալ Նահագներում:
«Արտիստների կյանքն էլ այսօր շատ է կախված քաղաքական որոշումներից. միակ ցանկությունս խաղաղությունն ու սիրո մթնոլորտն է»,-նշեց երգիչը:
Երգչի երեւանյան համերգները տեղի կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում եւ «Դվին մյուզիք հոլ»-ում: Սաֆինան հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ՝ դիրիժոր Նիկոլա Սիմոնիի գլխավորությամբ:
Աղբյուրը՝ News.am stile