Չեմ մտածում Եվրոպա տեղափոխվելու մասին. Արսեն Զախարյան
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատասխանել է եվրոպական թոփ առաջնություն հնարավոր տեղափոխության վերաբերյալ հարցին:
«Որտե՞ղ եմ ինձ տեսնում մեկ տարի հետո… Մոսկվայի «Դինամոյում»: Չեմ մտածում Եվրոպա տեղափոխվելու մասին: Եթե առաջարկ լինի… Տա՛ Աստված՝ ամեն ինչ ճիշտ ժամանակին լինի: Հիմա տարբեր աղբյուրներ հրապարակում են ինձնով հետաքրքրվող թիմերի ցուցակներ։ Խոսակցություններ կան, որ մի շարք գրանդ ակումբներ են հետաքրքրված իմ ծառայություններով: Իսկ վերջերս նույն աղբյուրները հրապարակեցին ինձնով չհետաքրքրվող ակումբների ցանկը։ Այն ավելի փոքր է, քան հետաքրքրվողներինը»,- Զախարյանի խոսքերն է մեջբերում «Спорт-Экспресс»-ը:
Հիշեցնենք՝ Զախարյանը Մոսկվայի «Դինամոյի» սան է։ Transfermarkt-ը 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:
Հավելենք՝ 2021/2022 մրցաշրջանում Զախարյանը Մոսկվայի «Դինամոյի» կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։