Թուրքիայում վերջին 7 տարվա ընթացքում 75 տոկոսով աճել են զինված միջադեպերը
Թուրքիայում անհատական զինումը կանխարգելելու նպատակով ուսումնասիրություններ կատարող «Umut» հիմնադրամի զեկույցի համաձայն՝ երկրում վերջին 7 տարվա ընթացքում 75 տոկոսով աճել են զինված միջադեպերը։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։
Ըստ զեկույցի՝ Թուրքիայում 2021 թվականին տեղի է ունեցել 3801 զինված միջադեպ, որոնց հետևանքով 2145 մարդ մահացել է, 3896 մարդ՝ վիրավորվել։ Դեպքերի 85 տոկոսի դեպքում կիրառվել են հրազենային միջոցներ, իսկ 15 տոկոսի դեպքում՝ կտրող-ծակող գործիքներ։
2021-ին ամենից շատ զինված միջադեպեր գրանցվել են Մարմարայի շրջանում՝ 985 դեպք։
«Umut» հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ Այհան Աքջանը նշել է, որ Թուրքիայում շուրջ 25 միլիոն զենք է առկա, որից 90 տոկոսը գրանցված չէ։ Նա ընդգծել է, որ գրանցումը, այնուհանդերձ, չի լուծելու խնդիրը, և անհրաժեշտ է այլ կարգավորում գտնել։ Աքջանի կարծիքով՝ այդպիսին կարող է լինել զենքի ձեռք բերման արգելումը Թուրքիայի բոլոր քաղաքացիների համար՝ բացառությամբ ոստիկանության և ժանդարմերիայի։