Հունաստանը մերժել է Թուրքիայի հերթական պահանջն իր կղզիների ապառազմականացման մասին
Հունաստանը մերժել է Թուրքիայի հերթական պահանջն իր կղզիների ապառազմականացման մասին՝ ասելով, որ դա «դուրս է պարզ տրամաբանության սահմաններից», գրում է Kathimerini-ն։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն կրկին կոչ է արել Հունաստանին ապառազմականացնել կղզիները՝ նախազգուշացնելով, որ եթե Աթենքը չփոխի իր դիրքորոշումը, բանավեճեր կսկսվեն՝ կասկածի տակ դնելով դրանց ինքնիշխանությունը։
«Ինչ վերաբերում է Էգեյան ծովի կղզիների կարգավիճակի վերաբերյալ թուրք պաշտոնյաների վերջին մեղադրանքներին, մենք լիովին հերքում ենք դրանք»,- ասել է Հունաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդրոս Պապաիոաննուն: «Այդ մեղադրանքները ոչ միայն չեն համապատասխանում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, այլեւ դուրս են պարզ տրամաբանությունից։ Հունաստանի դիրքորոշումն այս հարցում բազմիցս եւ հրապարակայնորեն արտահայտվել է»:
Պապաիոաննուն հայտնել է, որ Աթենքն այս հարցով նամակ է ուղղել ՄԱԿ-ում Հունաստանի մշտական ներկայացուցչի գլխավոր քարտուղարին։
Հունաստանը նաեւ մերժում է Անկարայի միակողմանի պահանջներն Արեւելյան Միջերկրական ծովում մայրցամաքային ափի սահմանազատման դեմ, ասել է նա՝ նշելով, որ դրանք անտեսում են «միջազգային իրավունքի հիմնարար նորմերը եւ, մասնավորապես, միջազգային ծովային իրավունքը»։