ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Ճապոնիայի եւ Հնդկաստանի բարձրաստիճան դիվանագետները բանակցություններ են վարում Մելբուրնում
ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Ճապոնիայի եւ Հնդկաստանի բարձրաստիճան դիվանագետները բանակցություններ են վարում Մելբուրնում իրենց Quad դաշինքը խորացնելու համար՝ հուսալով զսպել Չինաստանի աճող հզորությունն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հաղորդում է AFP-ն:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը շեշտել է խմբի կարեւորությունը ժողովրդավարական երկրների միջեւ համագործակցության կառուցման գործում՝ քողարկված կերպով ակնարկելով Պեկինի հետ իր երկրի դժվար հարաբերությունները:
«Մենք ապրում ենք շատ փխրուն, մասնատված եւ հակասական աշխարհում,- ասել է նա:- Մենք դիմադրում ենք նրանց, ովքեր փորձում են մեզ պարտադրել»: Առանց Չինաստանի անունը տալու՝ Մորիսոնն ասել է, որ «մեծ մխիթարություն» է, որ Quad-ի մյուս երեք անդամները հասկանում են «հարկադրանքն ու ճնշումը, որին ենթարկվում է Ավստրալիան»:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ թեեւ Ուկրաինայի համար ռուսական սպառնալիքն այժմ հուզում է Վաշինգտոնին, երկարաժամկետ հեռանկարում խնդիրը Չինաստանի աճող հզորությունն է։ «Իմ կարծիքով՝ կասկած չկա, որ Չինաստանը ժամանակի ընթացքում ձգտում է դառնալ առաջատար ռազմական, տնտեսական, դիվանագիտական եւ քաղաքական ուժը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում»,- ասել է նա։
Մելբուրնի հանդիպումները նպատակ ունեն խորացնել համագործակցությունը նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են Covid-19-ի դեմ պայքարը եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորագույն հարցերի համակարգումը, ներառյալ 5G հեռահաղորդակցության ցանցերի գլոբալ տարածումը:
Բլինքենն ասել է, որ մասնակիցները ձգտում են «դրական տեսլական» մշակել մի շարք հարցերի մասով, ինչպիսիք են տեխնոլոգիական ստանդարտների ներդաշնակեցումը եւ համագործակցությունն առողջապահական եւ կլիմայի փոփոխությանը վերաբերող խնդիրների շուրջ: