Նոր Զելանդիայի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է անցկացվում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ
Նոր Զելանդիայի խորհրդարանի մոտ արդեն 4-րդ օրն է բողոքի ցույց է ընթանում՝ պարտադիր պատվաստումների եւ կորոնավիրուսայի սահմանափակումների դեմ։ Մարդիկ շարունակում են ժամանել՝ չնայած ոստիկանների կողմից բերման ենթարկվածներին։
Արդեն չորս օր է, ինչ մի քանի հազար ցուցարար, Կանադայում բեռնատարների վարորդների ցույցից ոգեշնչված, գրավել են մայրաքաղաք Վելինգտոնի խորհրդարանի սիզամարգերը եւ իրենց բեռնատարներով, ավտոմեքենաներով, ֆուրգոններով եւ մոտոցիկլետներով փակել են շրջակա փողոցները։
Հինգշաբթի ոստիկանությունը 120 մարդ ձերբակալեց ցույցը ցրելու փորձի ժամանակ, սակայն նույն օրն ավելի ուշ ոստիկանությունը հետ քաշվեց քանի որ ցուցարարները հրաժարվեցին հեռանալ, հայտնում է Reuters-ը։
Ուրբաթ օրը ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ գիշերվա ընթացքում խորհրդարանի տարածքում ուշագրավ միջադեպեր չեն գրանցվել, թեեւ եւս 2 մարդ ձերբակալվել է «ալկոհոլի հետ կապված վարքագծի» համար:
«Ոստիկանությունը շարունակում է չափավոր մոտեցում ցուցաբերել ցուցարարներին, ովքեր ներխուժում են խորհրդարանի տարածք, եւ նրանց բազմիցս խնդրել են հեռանալ», - ասվում է սուպերինտենդանտ Քորի Փարնելի հայտարարության մեջ:
Ուրբաթ օրը սիզամարգերի վրա ավելի շատ վրաններ հայտնվեցին, երբ ավելի շատ ցուցարարներ ժամանեցին ամբողջ երկրից: Բայց ամբոխը խաղաղ էր, երգում ու պարում էր՝ ի տարբերություն հինգշաբթի օրվա կատաղած ցույցերի։
«Այս պահին այս ամենն ավելի շատ փառատոնի է նման»,- խոսափողով ասել է կազմակերպիչներից մեկը։
Հաղորդվում էր, որ փոքրաթիվ ցուցարարներ հավաքվել են ի նշան համերաշխության այլ քաղաքներում եւս, ինչպիսիք են Նելսոնը եւ Քրայսթչերչը:
Ցուցարարներն անտեսել են վարչապետ Ջասինդա Արդերնի «առաջ շարժվելու» կոչերը։ Շարունակվող դիմակայությունը մեծացնում է քաղաքական ճնշումն Արդերնի վրա, որի վարկանիշը վերջին սոցհարցումների արդյունքով կտրուկ անկում է ապրել:
Չնայած վերջին երկու տարիների ընթացքում երկրում գրեթե վիրուս չի եղել՝ դեռեւս գործող խիստ սահմանափակումները ոչ պոպուլյար են դարձել: