Կապիկները սպանել են 5-ամյա աղջկա
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում վայրի կապիկները երեխայի են սպանել: Այս մասին հայտնում է The Times of India-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Բարելի քաղաքի մերձակա գյուղերից մեկում։ Կապիկները հարձակվել են գետի մոտ խաղացող երեխաների վրա: Մեծահասակները լսել են ճիչերն ու օգնության են շտապել։ Նրանց հաջողվել է քշել կապիկներին, սակայն վերջիններս հասցրել են ծանր վիրավորել Նարմադա անունով հինգ տարեկան աղջկան։ Նա մահացել է տեղի բժշկական կենտրոնում` արյան կորստից։
Նարմադայի հայրը պատմել է, որ կապիկների հարձակումները նախկինում էլ են եղել, բայց դա տեղի է ունեցել միայն այն ժամանակ, երբ նրանք շատ են մոտեցել իրենց։ «Բայց այս անգամ կապիկները բավականին ագրեսիվ էին, նրանց խայթոցներն իմ դստեր վրա գրեթե ամենուր էին»,- ասել է նա։
Գյուղացիները ոստիկաններից պահանջել են բռնել երեխային սպանած կապիկներին։ «Մենք նրանց խորհուրդ ենք տվել օգտվել անտառտնտեսության և գրամ-պանչայաթի (գյուղական խորհրդի) օգնությունից»,- ասել է տեղի ոստիկանության ղեկավար Աշոկ Կումարը։ Նա վստահեցրել է, որ սպանված աղջկա ընտանիքին փոխհատուցում կտրվի։