Ադրբեջանի արտգործնախարարը խոստանում է չխոչընդոտել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության աշխատանքներին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը խոստանում է չխոչընդոտել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության աշխատանքներին։
Ադրբեջանը ոչ մի սահմանափակում չի դնում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության համար, ասել է Բայրամովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ նախարարն ասել է, որ Ադրբեջանը դեռեւս հունիսին դիմել էր ՅՈւՆԵՍԿՕ՝ առաքելություն ուղարկելու հարցով։ «Մենք ոչ մի սահմանափակում չենք դնում կազմակերպության առաքելության համար։ ՅՈւՆԵՍԿՕ-ն կարող է ուսումնասիրել ինչպես մահմեդական, այնպես էլ քրիստոնեական հուշարձանները»։ Բայրամովը նաեւ «ընդգծել է այն փաստը, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ թույլ չի տվել ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին այցելել օկուպացված ադրբեջանական տարածքներ։ 44-օրյա պատերազմից հետո, նշել է Բայրամովը, Ադրբեջանը եւ ՅՈւՆԵՍԿՕ-ն սկսել են համագործակցել Ղարաբաղում հետազոտական աշխատանքներ իրականացնելու հարցում»,- նրան մեջբերում են լրատվամիջոցները։
Այնինչ, ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության Բաքվի պատրաստակամության մասին պնդումները բացահայտ սուտ են։ Տառացիորեն միջազգային հանրության աչքերի առջեւ Ադրբեջանի իշխանությունները բուլդոզերներով հողին հավասարեցրին Նախիջեւանի հայկական խաչքարերը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին թույլ չտալով մոտենալ դրանց։