Չավուշօղլու. Արևմտյան դիվանագիտությունը վնասում է Ուկրաինային
Ուկրաինայում Ռուսաստանի մոտալուտ ագրեսիայի մասին պնդումների շուրջ Արեւմուտքի բորբոքած աժիոտաժը վնասում է Ուկրաինային, այդ թվում՝ այդ երկրի տնտեսությանը: Այս կարգի «մեգաֆոնային դիվանագիտությունը» չի նվազեցնում լարվածության մակարդակը տարածաշրջանում եւ հեռու է իրողություններից։ Այս մասին TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ Թուրքիան իր միջնորդական ջանքերում գիտակցում է, որ խնդրի արագ լուծում չի լինի։ «Միեւնույն ժամանակ, այս փուլում կարեւոր են էսկալացման մակարդակի նվազեցմանը եւ վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլերը։ Իրավիճակն այնքան սարսափելի չէ, որքան ներկայացնում են Արեւմուտքում, բայց եւ լուրջ է»,- ընդգծել է նա։
Թուրք նախարարը նշեց, որ Անկարայի դիրքորոշումը չափազանց բաց եւ հստակ է. «Թուրքիան, որպես թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունեցող երկիր, դեմ է առճակատման նոր փուլին մի տարածաշրջանում, որտեղ արդեն իսկ շատ հակամարտություններ կան։ Մենք իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլեր ենք ձեռնարկում: Կողմերի հետ շփումները շարունակվում են։ Այդ շփումներից մի քանիսի մասին հանրությունը տեղեկացվում է։ Ջանքեր են գործադրվում դիվանագիտական խողովակներով»։
Չավուշօղլուն հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին այցը Կիեւ։ «Նախ պետք է նվազեցնել լարվածության ինտենսիվությունը, ապա քայլեր ձեռնարկել երկարաժամկետ կայունության ապահովման համար»,- ասել է թուրք նախարարը։
Գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության ճանապարհը բոլոր կողմերի հավասարակշռված դիրքորոշման մեջ է։ «Ուկրաինան համաձայն է միջնորդության. Ռուսաստանը եւս դռները չի փակել: Ռուսական կողմին խնդրել ենք հրապարակել ՌԴ ղեկավարի այցի ժամկետը։ Յուրաքանչյուր ոք, ով խաղաղություն եւ հանգստություն, տնտեսական զարգացում է ցանկանում տարածաշրջանում, պետք է հավասարակշռված քաղաքականություն վարի: