Նոր Զելանդիայում հորդառատ անձրեւները հեղեղումներ են առաջացրել
Հորդառատ անձևրեւները հեղեղումներ են առաջացրել Նոր Զելանդիայի Հարավային կղզու հյուսիսարեւմտյան ափին գտնվող Բուլեր շրջանի մի քանի քաղաքներում։ Ինչպես հինգշաբթի տեղեկացրել են շրջանի արտակարգ իրավիճակների վարչությունում, Սեդոնվիլ, Մոկիհինուի եւ Վեսթպորտ քաղաքների բնակիչներին տարհանում են, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Ըստ կանխատեսումների՝ Վեսթպորտի մեծ մասը գիշերը կհայտնվի հեղեղման գոտում, եւ մենք բնակիչներին պարտադիր տարհանում ենք»,- նշված է գերատեսչության հայտարարությունում, որը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։ Նշվում է նաեւ, որ մասամբ հեղեղվել են ցածրադիր Սեդոնվիլ եւ Մոկիհինուի քաղաքները։ Դրանց բնակիչները տարհանվել եւ տեղավորվել են հատուկ կենտրոններում, որոնք հարմարեցվել են շրջանային վարչությունների շենքերում։
Արտակարգ իրավիճակների վարչությունը նախազգուշացրել է հեղեղումների պատճառով ջրառի տեղերում խմելու ջրի զգալի աղտոտման մասին եւ Բուլեր շրջանի բնակիչներին խնդրել է ջուրը եռացնել օգտագործելուց առաջ։ Մի շարք շրջաններում քանդվել են կոմունալ եւ էլեկտրահաղորդման գծերը, սողանքների պատճառով փակ է ինը ավտոճանապարհ։
Փետրվարի 4-ից արդեն մի քանի օր է՝ հորդառատ անձրեւներ են երկրի Հարավային կղզու հյուսիսարեւմտյան ափին։ Իշխանությունները հեղեղումներից տուժած շրջանների բնակչությանը հորդորել են հեռու մնալ հեղեղաջրերից եւ չմոտենալ ափերից դուրս եկած գետերին։