«Դուստր Մարիաննա» ընկերությունն արտոնություն ստացավ. Ընկերությունը նախատեսում է ներմուծվող խտացրած կաթից պատրաստել կաթ
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 10-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող խտացրած կաթից նախատեսվում է պատրաստել կաթ՝ եվրոպական պանրի, սպիտակուցների և անյուղ փոշու արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։
Արդեն իսկ իրականացվել է խտացրած կաթի ֆիլտրման UF և NF, կաթի խտացման, չորացման համակարգերի, գոլորշի արտադրող կաթսայի համար 1․5 մլրդ դրամի ներդրում, ինչպես նաև 105 մլն դրամի ներդրում՝ գործարանի կառուցման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 18 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում (նոր արտադրամասում) ստեղծել 25 նոր աշխատատեղ` մինչև 140,000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի 80% և ավելին նախատեսվում է արտահանել ՌԴ:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 18 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․7 մլրդ դրամ: