Ամերիկացի գեներալ. եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, ապա դա կարող է անկայունություն ստեղծել Մերձավոր Արևելքում
Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, ապա դա կարող է անկայունություն ստեղծել Մերձավոր Արեւելքում, այդ թվում՝ Սիրիայում։ Այս մասին հայտարարել է գեներալ-լեյտենանտ Էրիկ Կուրիլան, ով կարող է ղեկավարել ԱՄՆ-ի ուժերը Մերձավոր Արևելքում։
Նա նշել է, որ Չինաստանն ընդլայնում է իր իշխանությունն ու ծախսերը Կենտրոնական հրամանատարության տարածաշրջանում, ներառյալ այն երկրներում, որոնք պետք են ԱՄՆ-ին՝ Աֆղանստանում ծայրահեղականների գործունեության վերաբերյալ տեղեկություն հավաքելու համար։
«ԱՄՆ-ը բախվում է Չինաստանի եւ Ռուսաստանի հետ ռազմավարական մրցակցության նոր դարաշրջանի, որը չի սահմանափակվում միայն մեկ աշխարհագրական տարածաշրջանով եւ տարածվում է Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտու վրա»,- ասել է Կուրիլան՝ նշելով, որ ԱՄՆ-ն արդարացիորեն առաջնահերթություն է տալիս Չինաստանի հետ մրցակցությանը, եւ անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը Մերձավոր Արեւելքի, Կենտրոնական եւ Հարավային Ասիայի հետ։
Պատասխանելով Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման հետեւանքների մասին՝ Կուրիլան նշել է, որ դա կարող է տարածվել նաեւ Սիրիայի վրա, որտեղ Ռուսաստանն արդեն ունի ռազմաբազա եւ զորքեր: «Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, նա, առանց վարանելու, կարող է գործել որպես սփոյլեր նաեւ Սիրիայում»,- ասել է Կուրիլան։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը չի հավատում, որ Ռուսաստանը ցանկանում է պատերազմ սկսել ԱՄՆ-ի հետ։
Ինչ վերաբերում է Չինաստանին, նրա խոսքով, Կենտրոնական հրամանատարության տարածաշրջանի 21 երկրներից 18-ը ռազմավարական համաձայնագրեր են կնքել Պեկինի հետ, ինչը նպաստել է Մերձավոր Արեւելքում նրա զարգացմանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է հնարավորություն ունենա դիմակայելու Չինաստանին։