Մարդկությունը կանգնած է քաղցրահամ ջրի դեֆիցիտի սպառնալիքի առջև
Հալվող սառցադաշտերը շատ ավելի քիչ սառույց են պարունակում, քան կանխատեսվում էր: Քաղցրահամ ջրի սակավության սպառնալիքը սպասվածից ավելի է կախված մարդկության գլխին: Այս մասին զգուշացնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Երկրաբանական գիտությունների ֆրանսիական ինստիտուտի եւ Դարտմուտի քոլեջի հետազոտությունը, փոխանցում է «Լենտա»-ն:
Արբանյակային նկարահանման նոր տեխնիկայի օգնությամբ գիտնականներն առաջին անգամ չափել են ավելի քան 250.000 լեռնային սառցադաշտերի հաստությունը եւ շարժումը: Նրանք վերլուծության համար գրեթե 812.000 զույգ բարձրորակ լուսանկարներ եւ օգտագործել եւ ընդգրկել են Երկրի տարածքի 98 տոկոսը, որը 2017-ից 2018 թվականներին ծածկված է եղել սառցադաշտերով:
Ստացված տվյալների հիման վրա հնարավոր է եղել ավելի ճշգրիտ որոշել սառցադաշտերում պարունակվող սառույցի ծավալը։ Հետազոտողները սառույցի եւ քաղցրահամ ջրի քանակի կտրուկ փոփոխություններ են հայտնաբերել, որոնցից հարյուր միլիոնավոր մարդիկ կախված են խմելու ջրի, գյուղատնտեսության եւ էլեկտրաէներգիայի արտադրության համար:
Պարզվել է, որ Հիմալայների սառցադաշտերը 37 տոկոսով ավելի շատ սառույց են պարունակում, քան ենթադրվում էր: Հիմալայներում Ինդուս եւ Չենաբ գետերի ավազանների ութ միլիոն բնակիչների համար լավ նորություն է. չոր սեզոններին սառցադաշտերի հալված ջուրն ապահովում է գետի հոսքի կեսից ավելին: Պարզվել է նաեւ, որ Հիմալայներում սառցադաշտային պաշարները 30-87 տոկոսով ավելի են նաեւ Բրահմապուտրա գետի ենթաավազանում:
«Հիմալայաները բացառություն են դարձել: Գրեթե ամենուրեք սառույցն ավելի բարակ է»,- ասել է հետազոտության հեղինակներից Մաթյո Մորլիգեմը: Օրինակ, հարավամերիկյան Անդերի սառցադաշտերը 27 տոկոսով ավելի քիչ սառույց են պարունակում, քան գիտնականները կարծում էին:
Գիտնականները նվազեցրել են ծովի մակարդակի բարձրացման վրա լեռնային սառցադաշտերի ներդրման նախկին գնահատականները: Եթե բոլոր սառցադաշտերը, բացառությամբ Գրենլանդիայի եւ Անտարկտիդայի խոշոր սառցաշերտերի, հալվեն, ապա համաշխարհային ծովի մակարդակը կբարձրանա մոտ 25 սանտիմետրով, եւ ոչ թե՝ 33-ով, ինչպես նախկինում ենթադրվում էր: «Սակայն դա չի փոխում այն փաստը, որ սառցադաշտերն ավելի ու ավելի արագ են հալվում»,- ասվում է գլխավոր հեղինակ Ռոմեն Միլանի հայտարարության մեջ: Նա պարզաբանել է, որ նոր գնահատականները մեծապես պայմանավորված են սառույցի ծավալների հաշվարկման ձեւի փոփոխություններով։
Հետազոտողները կարծում են, որ սառույցի ընդհանուր ծավալի կրճատումն անխուսափելիորեն սպասվածից ավելի շուտ կանդրադառնա մոլորակի վրա։ Նրանք հույս ունեն, որ իրենց կանխատեսումը կազդի ջրամատակարարման ենթակառուցվածքների կառուցման վերաբերյալ կառավարությունների որոշումների վրա: Սառցադաշտերի հալվելը կլիմայի փոփոխության հետեւանքներից մեկն է։