Հայաստանն անհրաժեշտության դեպքում կարող է ՀԱՊԿ-ի վրա հույս դնել. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ
ՏեսանյութերՌուսաստանի ԱԳՆ աջակցությամբ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբում կայացավ «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» խորհրդաժողովը: ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներն ու կառույցի գլխավոր քարտուղարը անդրադարձ կատարեցին միջազգային ներկայիս լարվածության պայմաններում ՀԱՊԿ-ի հիմնական խնդիրներին, ինչպես նաև Եվրասիական անվտանգային հարցերի՝ հաշվի առնելով նաև ոչ վաղ անցյալի ճգնաժամերը։
ՀԱՊԿ-ն իր գոյության ընթացքում կարևոր տեղ է զբաղեցրել միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շարքում՝ դառնալով նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման գործոն։ Կառույցին նման գնահատական տվեց ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը՝ ուշադրություն հրավիրելով նաև տարբեր ուղղություններով կառույցի ներուժի զարգացման և տարբեր մեխանիզմների կատարելագործման խնդրի վրա։ Փոխնախարարն իր խոսքում կարևորեց Հայաստանի նախագահությունը և գործընկեր անդամ-պետությունների հետ առաջնահերթությունների համատեղ իրագործումը:
Արմեն Ղևոնդյան, ՀՀ ԱԳ փոխնախարար - Ձեռնարկվում են քայլեր, որոնք ուղղված են ահաբեկչության դեմ պայքարում հավաքական ջանքերի ավելացմանը, այդ թվում՝ զինված հակամարտություններում որպես վարձկաններ օգտագործելու համար օտարերկրյա ահաբեկիչների և զինյալների պատրաստման, ֆինանսավորման և զինման դեմ ուղղված քայլերը: Դրան մենք բախվել ենք 2020 թվականի աշնանը մեր տարածաշրջանում։
Հայաստանն անհրաժեշտության դեպքում կարող է ՀԱՊԿ-ի վրա հույս դնել՝ նշեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ լրատվամիջոցների հետ հարց ու պատասխանի ընթացքում: Նրա խոսքով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից կստանա ճգնաժամային իրավիճակում անհրաժեշտ լիարժեք օգնություն՝ նրան դիմելու դեպքում:
Ալեքսանդր Պանկին, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ - Դաշնակցային պարտավորությունները կկատարվեն։ Ի՞նչ է պահանջվելու, ի՞նչ ծավալով, ո՞ր տարածքում՝ դա արդեն այլ հարց է: Համապատասխան դիմումի դեպքում դա շատ արագ կդրվի քննարկման, ինչպես Ղազախստանի դեպքում էր: Դաշնակիցների և մյուս հարևանների միջև հավասարության որևէ հարց չկա: Դաշնակիցները միշտ ավելի մոտ են, քան մյուսները։
Հայաստանին ՀԱՊԿ-ի կողմից աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը հաստատեց նաև կառույցի գլխավոր քարտուղարը։
Ստանիսլավ Զաս, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար - Ես չեմ կասկածում, որ հիմքերի առկայության և Հայաստանի պաշտոնական դիմումի պարագայում, այնպես, ինչպես կազմակերպության անդամ յուրաքանչյուր այլ երկրի, այդպիսի օգնություն կցուցաբերվի, ինչպես Ղազախստանի դեպքում: Դա է կազմակերպության հիմքում, և եթե այդպիսի համոզմունք չլինի, կազմակերպությունն ուղղակի չի կարող գոյություն ունենալ:
Քննարկման շրջանակում չշրջանցվեց նաև Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի Զինված ուժերի ներխուժման փաստը, որը պարբերաբար էսկալացիաների պատճառ է դառնում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հավատացած է՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը թույլ կտա էապես ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունը:
Ստանիսլավ Զաս - Անշուշտ, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության օջախներ կան։ Ես այնտեղ էի, տեսել եմ սեփական աչքերով, թե ինչ է տեղի ունենում։ Պարբերաբար կրակոցներ են լինում։ Այդպես չպետք է լինի։ Հայաստանի և Ադրբեջանի առջև այժմ սահմանի սահմանազատման և սահմանագծման լուրջ խնդիր է դրված։ Դա մեծ և բարդ ծավալի աշխատանք է: Կա զգուշավոր լավատեսություն, որ ավարտվում է պատերազմի մի ամբողջ դարաշրջան և սկսվում է ուրիշ ժամանակաշրջան:
Զասի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ծավալումը սահմանակից տարածքներում ոչ միայն սպառնալիքներ է ստեղծում Բելառուսի և Ռուսաստանի համար, այլև բացասաբար է ազդում ամբողջ ՀԱՊԿ անվտանգության ապահովման վրա, իսկ անվտանգության երաշխիքների հարցով Մոսկվայի պահանջները ելնում են կազմակերպության բոլոր անդամների շահերից։