Եվրամիությունն ավելի ակտիվ կֆինանսավորի Հայաստանի գիտնականներին
2021-2027 թվականների համար նախատեսված հետազոտության եւ նորարարության ԵՄ շրջանակային ծրագիրը «Հորիզոն - 2020» շրջանակային ծրագրի շարունակությունն է: Այդ մասին փետրվարի 9-ին Ազգային ժողովի նիստում «Union Horizon Europe» հետազոտությունների եւ նորարարությունների շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի մասնակցությունը ծրագրին սկսվել է 2016 թվականից։ Այն ժամանակ ստորագրվել է «ԵՄ-ի «Հորիզոն – 2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը։
«Հորիզոն - 2020» ծրագիրը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի գիտական ոլորտի զարգացման գործում և բազմաթիվ հնարավորություններ է ընձեռել տարբեր դրամաշնորհային նախաձեռնություններին մասնակցելու համար։ Ծրագրի շրջանակներում Հայաստանի գիտական շրջանակների մասնակցությամբ ներկայացվել է 312 հայտ, որոնցից ընդունվել է 271-ը, իսկ 35-ը ստացել են ֆինանսավորում», - տեղեկացրել է Մարտիրոսյանը։
Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչներն իրավունք կստանան օգտվելու գիտական համագործակցության ամենամեծ ծրագրի կողմից տրամադրվող բավական լայն հնարավորություններից, որի ընդհանուր ծախսերը կկազմեն 95,5 մլն եվրո։
«Ակնկալվում է, որ ծրագրի շրջանակներում մասնակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի ազգային գիտահետազոտական համակարգի զարգացման համար, կնպաստի հայ գիտնականների հետագա ինտեգրմանը եվրոպական գիտական տարածք, կընդլայնի ԵՄ անդամ երկրների գիտական ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորությունները», - նշել է փոխնախարարը։