Մորգենշտերնի դեմ վարչական գործ է հարուցվել դաջվածքի պատճառով
Ռեփեր Մորգենշտերնի (Ալիշեր Վալեև) դեմ նոր վարչական գործ է հարուցվել թմրանյութերի քարոզչության մասին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրին։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանությունը, ստուգման արդյունքներով, որոշում է կայացրել վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման մասին․ մասնագետները հանգել են եզրակացության, որ երաժիշտի կրծքավանդակի հատվածում արված դաջվածքն արգելված նյութերի օգտագործում է քարոզում։ Վարչական գործում խոսվում է «Новая волна», «El problema» եւ «Yung Hefner» երգերի հիման վրա նկարահանված տեսահոլովակների մասին։
«Համաձայն համալիր փորձաքնության եզրակացության՝ Մորգենշտերնի կրծքին առկա դաջվածքի վրա բույս է պատկերված, որը նման է կանեփի»,- հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ Մորգենշտերնը մեղքը չի ընդունել։
Արտիստի փաստաբանը՝ Սերգեյ Ժորինը, որոշումն «աբսուրդ» է որակել։ «Ստացվում է, որ այս դաջվածքի առկայության դեպքում, ինչ էլ Մորգենշտերնը ասի կամ երգի, ոստիկանության կարծիքով՝ այդ ամենը թմրանյութերի քարոզչություն է լինելու։ Միայն թե, դա աբսուրդ է, եւ մենք կբողոքարկենք այդ որոշումը»,- գործակալությանը հայտնել է Ժորինը։