Շիմպանզեների մոտ բացահայտվել է կարեկցելու ունակություն
Գիտնականներն առաջին անգամ շիմպանզեների մոտ հայտնաբերել են վարքի նշաններ, որոնք նման են մարդկային խնամքին և կարեկցանքին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology ամսագրում, հայտնում է CNN-ը։
Գաբոնի ազգային պարկում 45 շիմպանզեներից բաղկացած խումբը դիտարկելիս հետազոտողները նախ նկատեցին, որ կենդանիները միջատներ էին բռնում և քսում իրենց վերքերին, ինչպես նաև տալիս էին իրենց ընկեր շիմպանզեներին, հավանաբար՝ որպես դեղամիջոց:
Նախկինում կենդանիների մոտ նման պահվածք չի նկատվել։ Հայտնի է, որ արջերը, փղերը և մեղուները ինքնուրույն բուժվում են մակաբույծներից և մի քանի հիվանդություններից, բայց երբեք չեն մտահոգվում միմյանց մասին։
Ինչպես նշել է ճանաչողական կենսաբան Սիմոնե Պիկան, սա առաջին դեպքն է, երբ կենդանիները բաց վերքերը փորձում են բուժել միջատներով։
«Շիմպանզեները միջատներ են ուտում, բայց մենք չգիտեինք, որ նրանք բռնում են նրանց և օգտագործում վերքերը բուժելու համար։ Հետևաբար, նրանք պատկերացում ունեն ոչ միայն սննդի տեսակների, այլև, հավանաբար, նաև այլ կենդանատեսակների առանձնահատկությունների մասին»,- նկատել է Սիմոնե Պիկան:
Բացահայտումն ի սկզբանե արվել է, երբ 2019 թվականին դիտարկվել են շիմպանզե մոր՝ Սյուզիի և նրա որդու՝ Սիայի փոխազդեցությունները:
Սիան ոտքի վնասվածք ուներ, և Սյուզին, կարծես, բուժում էր նրան։ Որոշ ժամանակ անց իրավիճակը կրկնվեց:
Հաջորդ տարվա ընթացքում գիտնականները ուշադիր հետևել և նկարահանել են շիմպանզեների, որոնք վնասվածքներ են ունեցել: Նրանց հաջողվել է ֆիքսել 22 դեպք, երբ կենդանիները միջատներ են կիրառել սեփական վերքերը բուժելու համար։
Ընդհանուր առմամբ, թիմը ֆիքսել է վերքերի բուժման 76 դեպք, ներառյալ այն դեպքերը, որոնք արվել են այլ շիմպանզեներին օգնելու համար, 15 ամսվա ընթացքում՝ 2019 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի փետրվարը:
Նշվում է, որ կենդանիներն օգտագործել են օդում բռնված ծամած միջատներ։ Այժմ հետազոտողները մտադիր են բացահայտել դրանք և տեսնել, թե արդյոք նրանք ունեն որևէ բուժիչ հատկություն:
Հատկանշական է, որ շիմպանզեները նման օգնություն են ցուցաբերել նաև իրենց խմբից դուրս շիմպանզեների։
Ուրիշների մասին հոգալը պրոսոցիալական վարքագիծ է և հազվադեպ է հանդիպում կենդանիների մոտ, նշում են գիտնականները:
«Մենք չգիտենք, թե արդյոք դիտարկված վարքագիծը ներառում է կարեկցանք, բայց մենք գիտենք, որ այն կարող է որակվել որպես պրոսոցիալական, այսինքն՝ ուղղված է մեկ այլ կենդանու օգտին»,- ասել է Պիկան: