Քնի տևողությունը կապ ունի մարմնի քաշի հետ
Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի տևողության ավելացումն օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ, այս մասին հոդվածը հրապարակվել է JAMA Internal Medicine ամսագրում:
Հետազոտություններն ապացուցել են, որ քնի պակասը ճարպակալման ռիսկի գործոն է: Թիմը, որը գլխավորում էր բժիշկ Էսրա Թասալին, ձեռնամուխ եղավ պարզելու երկարատև քնի ազդեցությունը մարմնի քաշի վրա:
Գիտնականները դիտարկել են ավելորդ քաշ ունեցող 80 կամավորների, որոնցից ոմանք գիշերը քնել են 6,5 ժամից պակաս: Քնի հիգիենայի վերաբերյալ անհատական խորհրդատվություններից հետո նրանք կարողացել են միջինը 1,2 ժամով ավելացնել գիշերային հանգստի տևողությունը։
Ընդհանուր առմամբ, մասնագետները փորձել են հետազոտվողների քնի տեւողությունը հասցնել 8,5 ժամի։ Համեմատած փորձարկվող մյուս խմբի հետ, որի քնի տևողությունը չի փոխվել, նրանք օրական միջինը 270 կկալ պակաս են օգտագործել, իսկ ոմանք՝ նույնիսկ 500:
Կալորիաների բալանսի նման փոփոխությունը, նույնիսկ առանց սննդակարգհերի և վարժությունների, երեք տարում կօգնի ազատվել գրեթե 12 կգ-ից, նշում են հետազոտության հեղինակները։
«Մենք ցույց ենք տվել, որ իրական կյանքում, առանց ապրելակերպի որևէ փոփոխության, կարող եք ավելի շատ քնել և ավելի քիչ կալորիաներ օգտագործել: Սա իսկապես կարող է օգնել մարդկանց, ովքեր փորձում են նիհարել»,- ասաց Թասալին: