Զելենսկին արդյունավետ է համարել Մակրոնի հետ հանդիպումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Կիևում այսօր հանդիպել է ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ, ինչից հետո ղեկավարները մամուլի ասուլիս են անցկացրել։
Մակրոնն աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և հայտարարել, որ Զելենսկին հաստատել է Մինսկի պայմանավորվածությունները կյանքի կոչելու ցանկությունը։ «Երեկ Վլադիմիր Պուտինը նույնպես պատրաստակամություն հայտնեց կատարելու Մինսկի պայմանավորվածությունները. դրանք խաղաղության հասնելու և երկարաժամկետ քաղաքական որոշումներ գտնելու միակ ճանապարհն են»,- ընդգծել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ փետրվարի 10-ին Նորմանդական քառյակի երկրների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի քաղաքական խորհրդականները կրկին կհանդիպեն Բեռլինում։ Նա կարծիք է հայտնել, որ հարկավոր է մշակել ապաէսկալացիայի նոր մեխանիզմներ, կայացնել որոշումներ, որոնք թույլ կտան երաշխավորել անվտանգությունն ամբողջ տարածաշրջանում։ Մակրոնի խոսքով՝ Ուկրաինան նաև հաստատել է հավատարմությունը Դոնբասում հրադադարի ռեժիմի պահպանմանը։
Զելենսկին արդյունավետ է որակել Մակրոնի հետ հանդիպումը՝ նշելով, որ դրա առանցքային հարցերից մեկը եղել է խաղաղ գործընթացների ապահովումը։ Նա հույս է հայտնել, որ շուտով կկայանա Նորմանդական քառյակի երկրների գագաթնաժողովը։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Փարիզը Կիևին կտրամադրի 1,2 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն, ինչը կօգնի կայունացնել երկրի տնտեսությունը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում Մակրոնի և Պուտինի հանդիպումը, Զելենսկին ասել է, որ չի դիտել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների մամուլի ասուլիսը, քանի որ զբաղված է եղել։
Բանակցությունների ավարտին ստորագրվել են ենթակառուցվածքների և ռազմական արդյունաբերության ոլորտների երկկողմ պայմանագրեր։